Կիրակի օրը Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, անցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանրահավաքներ:
Ամենամարդաշատը կոմունիստների կազմակերպած հանրահավաքն էր Մոսկվայում՝ հավաքվել էր շուրջ 9 հազար մարդ: Բողոքի հավաքներ էին կազմակերպել նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա», «Յաբլոկո» կուսակցությունները:
Մարդաշատ էր նաև հանրահավաքը Սարատովում, որի ժամանակ ամենից շատ քննադատել են կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ում ռուսաստանցիների մեծ մասը համարում է բարեփոխումների պատասխանատուն:
Այդուամենայնիվ, նույնիսկ կոմունիստների կազմակերպած հավաքներին հնչել է քննադատություն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Եկող կիրակի՝ սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի երթ է հայտարարել Ալեքսեյ Նավալնին, ով, սակայն, հերթական անգամ անազատության մեջ է և այդ օրը նույնպես անազատության մեջ է լինելու: Ընդ որում, նրան ձերբակալել են հունվարին չարտոնված ցույց կազմակերպելու մեղադրանքով: Ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, թե իրեն ձերբակալել են սեպտեմբերի 9-ի բողոքի հավաքները տապալելու համար: Նավալնիի կողմնակիցները, այդուհանդերձ, պատրաստվում են սեպտեմբերի 9-ին դուրս գալ մայրաքաղաքի Տվերսկայա փողոց՝ չարտոնված հավաքին:
Առաջիկա կիրակի օրը Մոսկվայում անցնելու են նաև քաղաքապետի ընտրությունները, որոնցում կանխատեսվում է գործող քաղաքապետ, Պուտինի մտերիմ թիմակից Սերգեյ Սոբյանինի դյուրին հաղթանակը:
Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հատուկ ուղերձով, որում բացատրել էր ռուսաստանցիներին, թե կենսաթոշակային բարեփոխումները պարզապես անհրաժեշտ են:
Կառավարությունը առաջարկում է կենսաթոշակի անցնելու տարիքը տղամարդկանց համար բարձրացնել մինչև 65 տարեկան՝ ներկայիս 60-ի փոխարեն, իսկ կանանց համար՝ մինչև 63 տարեկան՝ այսօրվա 55-ի փոխարեն: Ռուսաստանի նախագահն իր ուղերձում հայտարարել էր, որ առաջարկում է կանանց համար թոշակի անցնելու տարիքը սահմանել 60 տարեկանը:
Սակայն ռուսաստանցիների մեծ մասը, միևնույն է, դժգոհ է մնացել ռեֆորմից, և բողոքի ակցիաները երկրում շարունակվում են:
Կոմունիստական կուսակցությունն առաջարկում է կենսաթոշակային բարեփոխումների հարցով հանրաքվե անցկացնել, ինչին կառավարությունը դեմ է: