Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնն ասել է, թե «ռուսական գրոհն է» հանգեցրել Անգլիայի հարավում 44-ամյա բրիտանուհի Դաուն Սթարջեսի մահվանը:
Երեք զավակների մայրը մահացել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը ենթարկվելու արդյունքում:
Այդ նյութն էր ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի ծանր թունավորման պատճառը: Հայր և դուստր Սկրիպալներն ամիսներ շարունակ բուժվել են հիվանդանոցներում և միայն վերջերս են ապաքինվել:
Բրիտանացի իրավապահները դեռ չգիտեն, թե ինչ հանգամանքներում Սթարջեսը և նրա ընկեր Չարլի Ռոուլին կարող էին ենթարկվել «Նովիչոկ»-ի ազդեցության:
«Պարզագույն ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը գրոհ է իրականացրել Բրիտանիայի տարածքում, և դրա հետևանքով Բրիտանիայի քաղաքացի է զոհվել», - երեկ ասել է պաշտպանության նախարար Ուիլյամսոնը:
Նրա այդ հայտարարությանը նախորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդումը, թե «անհեթեթություն կլինի պնդել, որ Ռուսաստանն է մեղավոր Սթարջեսի թունավորման համար»: Ռուսաստանը կտրականապես հերքում է Սկրիպալների թունավորմանն առնչություն ունենալու մեղադրանքները:
«Սա մի հանգամանք է, որը, կարծում եմ, կմիավորի մեզ և ամբողջ աշխարհն այդ հանցանքը միանշանակ դատապարտելու խնդրում», - ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:
Դաուն Սթարջեսին և նրա ընկերոջը՝ Չարլի Ռոուլիին հունիսի 30-ին հայտնաբերել են անգիտակից վիճակում Էյմսբերի ավանում, որը գտնվում է Սկրիպալի բնակավայր Սոլսբերիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: 45-ամյա Չարլի Ռոուլին կրիտիկական վիճակում է:
Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիայի թունավորվել են այս տարվա մարտին: