Մատչելիության հղումներ

Սերգեյ Սկրիպալը դուրս գրվեց հիվանդանոցից, նրա գտնվելու վայրն անհայտ է


Սերգեյ Սկրիպալը մոսկովյան դատարանում, արխիվ
Սերգեյ Սկրիպալը մոսկովյան դատարանում, արխիվ

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այսօր այդ մասին հայտնել են Բրիտանիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները: Անցած ապրիլին հիվանդանոցից դուրս էր գրվել նրա դուստը՝ Յուլիա Սկրիպալը: Ավելի վաղ բուժվել էր նաև նրանց առաջինն օգնություն հասած ոստիկանը, ով նույնպես ուժեղ թունավորում էր ստացել:

«Պարոն Սկրիպալը, նրա դուստր Յուլիա Սկրիպալը, ինչպես նաև ոստիկանության սպա Նիք Բեյլին հիվանդանոց էին ընունվել 2018 թվականի մարտի 4-ին, երբ գտնվում էին ներվապարալիտիկ նյութի ազդեցության տակ: Բոլոր երեքն էլ արդեն դուրս են գրվել»,- նշված է Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության հայտարարությունում:

Սոլսբերիի հիվանդանոցի գործադիր տնօրեն Քարա Չարլզ-Բարքսն ասել է՝ «Սա ֆանտաստիկ լուր է, որ Սերգեյ Սկրիպալն իրեն բավականաչափ լավ է զգում հիվանդանոցից դուրս գրվելու համար»: Բրիտանիայի իշխանությունները, սակայն, չեն հայտնում, թե ուր է գնացել Սկիպալը դուրս գրվելուց հետո: Չի բացահայատվում նաև նրա դստեր գտնվելու վայրը:

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիա Սկրիպալը քիմիական ուժեղ ազդեցությամբ նյութով թունավորվել էին անցած մարտի 4-ին, Բրիտանիայի հարավում գտնվող Սոլսբերի փոքր քաղաքում: Նրանք հայտնաբերվել էին անգիտակից վիճակում, երկար ժամանակ վերջիններիս վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում:

Լոնդոնը պնդում է, որ նրանց դեմ կատարված քիմիական հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը: Սկրիպալները, Լոնդոնի պնդմամբ՝ թունավորվել են դեռ նախկին ԽՍՀՄ-ում մշակված՝ «Նովիչոկ» կոչվող քիմիական ուժեղ նյութից: Մինդեռ, Մոսկվան կտրուկ հերքում է այդ միջադեպին իր առնչության հետ կապված բոլոր մեղադրանքները:

Սկրիպալների թունավորումը դիվանագիտական սկանդալի պատաճառ դարձավ, շուրջ երեք տասնյակ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, ի համերաշխություն Մեծ Բրիտանիայի՝ իրենց երկրներից արտաքսեցին ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների: Մոսկվան նմանատիպ պատասխան տվեց, արտաքսելով այդ երկրների դիվանագետներին:

ՌԴ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը 2004 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ արևմտյան հատուկ ծառայություններին գաղտի նյութեր փոխանցելու մեղադրանքով: Վեց տարի անց, բացահայտված լրտեսներին փոխանակելու արդյունքում, նա ազատ էր արաձակվել ու մշտական բնակության մեկնել Մեծ Բրիտանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG