Հայաստանի բոլոր ճանապարհները՝ բացի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհից, անցանելի են, Լարսը բաց է

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:

Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կիլոմետրում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Հունիսի 30-ից էլ միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: