ԵՊՀ ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր աշխատասենյակում ճեպազրույց է տալիս, Երևան, 29-ը մայիսի, 2018թ․

Երևանի պետական համալսարանի ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները, որոնք մտադիր էին այսօր շարունակել: Այս մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը:

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին», - գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, երեկ առավոտյան Երևանի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ «ԵՊՀ տոտալ ռեստարտ» խորագրով ակցիա սկսեցին՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում:

Ռեկտորը համաձայնեց հանդիպել ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ Սիմոնյանը պնդեց, որ իր հրաժարականի պահանջը իրավաչափ չէ: Ռեկտորի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղում բուժօգնություն ցուցաբերվեց: Նույն օրը ավելի ուշ Արամ Սիմոնյանին տեղափոխել են հիվանդանոց:

Երեկոյան Երևանի պետհամալսարանը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ բուհը քաղաքական ճնշումների է ենթարկվում: