Արծրուն Հովհաննիսյան․ Պատահածը հակառակորդի «ուղիղ ազդեցության հետևանք չէ»

Երեկ երեկոյան Ղարաբաղի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել՝ 22-ամյա Գեղամ Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»․ - «Ավելի մանրամասն ներկայացնել չեմ կարող: Որոշակի մարտական իրավիճակից ելնելով՝ առանձնահատկություններ ունեն, գաղտնիքներ են պարունակում: Երեք զինծառայող, ցավոք, մահացու վիրավորում է ստացել, մեկը ծանր վիրավորվել է: Այս պահին գտնվում է Ստեփանակերտում․ կատարվել է համապատասխան բուժական միջամտություն, հնարավորության դեպքում կփորձենք տեղափոխել Երևան»:

Հարցին, թե արդյոք պատահածը կանոնների չպահպահման հետևանք է, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Նախ, վարվում է քրեական գործ և, ինչպես միշտ, ծառայողական քննություն: Հետևաբար դրանից առաջ չեմ կարող նման գնահատականներ տալ: Բայց միշտ չէ, և որ պարտադիր պիտի ինչ-որ կանոնների խախտում լինի: Ի վերջո իրավիճակներ կան մարտական, երբ որ, ցավոք, հետևանքներից խուսափել չի լինում»:

Իսկ հարցին, թե արդյոք միջադեպը հակառակորդի հարձակման հետևանք է, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ուղիղ ազդեցության հետևանք չէ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ սա վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: Երկու ամիս առաջ, հիշեցնենք, Ղարաբաղում ականի պայթյունից մահացել էր Պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի քանի կարևոր խնդիրների հետ: Առաջինը դա զենքի պահպանման կանոններին հետևելն է: Երկրորդը, եթե ականի պայթյուն է տեղի ունեցել, ապա պետք է ենթադրել, որ զինծառայողները կա՛մ չեն ունեցել համապատասխան պատրաստվածություն ականների հետ գործ ունենալու, կա՛մ ականները գտնվել են այնպիսի պայմաններում, ասենք՝ ականապատված տարածք է, որի մասին զինվորները տեղյակ չեն եղել: Կարող է լինել մյուս հանգամանք․ որ իմացել են ականապատված տարածքի մասին, սակայն զինծառայողները ինչ-ինչ համգամանքներում հայտնվել են այդ ականապատված տարածքում: Տվյալների սղությունը թույլ չի տալիս վերջնական եզրակացություն կազմելու, բայց, հաշվի առնելով, որ զինծառայողները ունեն հրամանատարներ և նրանք գտնվում են զինծառայության մեջ, հետևաբար խնդիրը վերաբերվում է պատշաճ զինվորական հսկողության հրամանատարների ոչ պատշաճ աշխատանքին»:

Արդյո՞ք պաշտպանության նախարար վիգեն սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կկանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին, կաջակցի ականի պայթյունից վիրավորված զինծառայողին: Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ նախ իրենց պետք է դիմի պաշտանության նախարարությունը՝ դեպքի քննության ավարտից հետո․ - «Հատուցվում է այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարտական հերթապահության ժամանակ կամ մարտական առաջադրանք կատարելիս: Մարտական առաջադրանք կատարելը կամ մարտական հերթապահության մեջ լինելը հաստատվում են հրամանով: Բացի այդ, այն դեպքերն են հատուցվում, որոնք դիտավորությամբ կատարված հանցագործության արդյունք չեն: Եթե տվյալ գործը համապատասխանում է օրենսդրության այդ պահանջին, ապա Պաշտպանության նախարարությունը մեզ ուղարկում է այդ գործը, և մենք այդ հայտի հիման վրա կատարում ենք փոխհատուցումները»:

Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով զոհված զինծառայողներին՝ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։