Մատչելիության հղումներ

Երեք զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԼՂ «Մարտական ծառայություն» մեդալով


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդեց, որ երեկ ժամը 18:35-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ 22-ամյա Գեղամ Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Մելիքյանը, 19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Քննչական կոմիտեն էլ ավելի ուշ հաղորդեց, որ պատահարը տեղի է ունեցել, երբ զինծառայողները զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ էին իրականացնում՝ պայթել է հակատանկային ական: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG