Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները:
ՔԿ-ն հիշեցնում է, որ երեկ ժամը 16-ի սահմաններում Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան 3-ամյա տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխան՝ անվնաս ազատ արձակվել: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել է ինքն իրեն և անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը, մինչ երեխային պատանդ վերցնելը, մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի, և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքիմիական փորձաքննություններ: Կասկածյալը ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է: