Մոսկվայում քննադատում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկի, արխիվ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած օրինագիծը լրջորեն վտանգում է երկու երկրների միջև կապերի վերականգնման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Միևնույն ժամանակ, Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունում այս գորդյան հանգույցը քանդելու հնարավորությունը հասցվում է գրեթե զրոյի», - հավելել է ռուսաստանցի խորհրդարանականը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելու դեպքում այս պատժամիջոցները կդառնան ամենալայնածավալը 2014 թվականից ի վեր՝ անդրադառնալով ոչ միայն ռուսաստանյան ընկերությունների, այլև Ռուսաստանի հետ համագործակցող այլ պետությունների վրա, ներառյալ` էներգետիկ սեկտորում: «Այն ուղղակիորեն հայտարարում է համաշխարհային շուկաներում Միացյալ Նահանգների հեղուկ բնական գազը առաջ մղելու նպատակը: Այդ նպատակով, Ռուսաստանը պետք է հեռացվի շուկայից», - պնդել է Սլուցկին՝ հույս հայտնելով, որ Եվրոպական հանձնաժողովը «շուտով համարժեք պատասխան կտա և չի սատարի օվկիանոսի մյուս կողմից թելադրվող սահմանափակող միջոցառումներին»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների 419 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որով նաև սահմանափակվում են դրանք վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: Ընդունված նախագիծը, սակայն, տարբերվում է ավելի վաղ Սենատի հավանությանն արժանացած օրինագծից: