Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագիծը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագծին։

Առաջիկա օրերին այն պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Օրինագծում նշված է, որ պատժամիջոցները կթիրախավորեն «անհատներին, ովքեր չարամտորեն կիբերհարձակումներ են գործում՝ ի շահ Ռուսաստանի կառավարության»:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, դեմոկրատ սենատոր Չաք Շումերը հայտարարել է, թե այս օրինագիծն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը և մյուս երկրները հասկանան, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար կարող են պատժվել։

Ըստ նախագծի, ԱՄՆ նախագահը չի կարող ինքնուրույն որոշել՝ հանե՞լ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, թե՞՝ ոչ։ Պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու մասին որոշում կայացնելուց առաջ Թրամփը Կոնգրեսում պետք է համոզի կոնգրեսականներին, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը, օրինակ, Սիրիայի կամ Ուկրաինայի հարցերում։

Օրինագիծը նաև նոր ժամկետներ է սահմանում ռուսաստանյան ընկերություններին վարկեր տրամադրելու համար՝ առավելագույն ժամկետը սահմանվում է 14 օր։ Այսօր ռուսական ընկերությունները կարողանում են վարկ ստանալ 90 օրով։

Սենատորներն առաջարկում են նաև նոր պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան մի շարք տրանսպորտային ընկերությունների դեմ, ուժեղացնել ճնշումը նավթային ոլորտում աշխատող ընկերությունների նկատմամբ։

Նոր նախագծի համաձայն, ԱՄՆ նախագահի աշխատակազմը պետք է Կոնգրեսի համար Ռուսաստանին վերաբերող մի շարք զեկույցներ պատրաստի, իսկ Ֆինանսների նախարարությունն ազգային հետախուզության և Պետդեպարտամենտի օգնությամբ կուսումնասիրի և կներկայացնի ռուսաստանյան քաղաքական գործիչների և օլիգարխների կարողության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց ունեցած կապի մասին զեկույց։

Նշենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավորինս արագ ընդունելու համար, այն չի ներկայացվել առանձին օրինագծի տեսքով, այլ՝ որպես Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հավելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG