ԵԱՏՄ-ը Ռուսաստանին առաջարկում է վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել դաշինքի երկրների վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատով, արխիվ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պաշտոնական Մոսկվային առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի անդամ երկրների վրա, հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատովը հիշեցրել է պայմանավորվածության մասին, ըստ որի՝ օտարերկրացի վարորդների հետ կապված այդ հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով, որը չպետք է հակասի ԵԱՏՄ և աշխատանքային ընդհանուր շուկայի սկզբունքներին:

ԵԱՏՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական դաշինքը Ռուսաստանին առաջարկել է փոփոխություններ կատարել գործող օրենքում, մասնավորապես՝ բացառել արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար:

Ռուսաստանում այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Միևնույն ժամանակ, հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց մեկ այլ օրենք, որով Դաշնության տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ անդամ մի քանի երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Սահմանափակումներից ազատված երկրներում՝ Ղրղըզստանում և Բելառուսում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին ռուսաստանյան նոր օրենքի գործարկման հետևանքով, հիշեցնենք, այդ երկրում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել:

Օրերս Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է․ - «Տվե՛ք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Մանրամասները տե՛ս այստեղ