Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ը Ռուսաստանին առաջարկում է վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել դաշինքի երկրների վրա


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատով, արխիվ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պաշտոնական Մոսկվային առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի անդամ երկրների վրա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը:

Խոսքը Ռուսաստանում այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի մասին է, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Միևնույն ժամանակ, հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց մեկ այլ օրենք, որով Դաշնության տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ անդամ մի քանի երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Սահմանափակումներից ազատված երկրներում՝ Ղրղըզստանում և Բելառուսում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին ռուսաստանյան նոր օրենքի գործարկման հետևանքով, հիշեցնենք, այդ երկրում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել:

Թեման ակտիվ քննարկումների տեղիք տվեց, իսկ Հայաստանում կրքեր բորբոքեց այն բանից հետո, երբ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հարցը բարձրացրեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը: Վերջինս, ի պատասխան, երկընտրանքի առաջ կանգնեցրեց Հայաստանին, հայտարարելով․ - «Տվե՛ք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Ռուսերենի կարգավիճակի հարցը Ռուսաստանում ավտոմեքենա վարելու հետ կապելու մասին Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին, ըստ «Կոմերսանտ»-ի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատովը հիշեցրել է պայմանավորվածության մասին, ըստ որի՝ օտարերկրացի վարորդների հետ կապված այդ հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով, որը չպետք է հակասի Եվրասիական տնտեսական միության և ընդհանուր աշխատանքի շուկայի սկզբունքներին:

ԵԱՏՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական դաշինքը Ռուսաստանին առաջարկել է փոփոխություններ կատարել գործող օրենքում, մասնավորապես՝ բացառել արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG