Անկարան Բեռլինից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության Բունդեսթագի բանաձևից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին: Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան:

«Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն:

Գերմանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ խոսնակ Մարտին Սխեֆերը տվյալ թեմային անդրադարձել է ուրբաթ օրը, երբ նրան հարցրել են Բունդեսթագի բանաձևից կառավարության հրաժարվելու հնարավորության մասին: «Գերմանական Բունդեսթագի բանաձևը գերմանական սահմանադրական մարմնի քաղաքական հռչակագիր է: Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է․․․ որ սահմանադրական կառույցները մեկը մյուսի աշխատանքը մեկնաբանեն շատ զգուշորեն, եթե առհասարակ պետք է մեկնաբանեն», - շեշտել է նա: