Բալասանյան. Զինված խմբի՝ զենքը վայր դնելուց և հանձնվելուց հետո նախագահը կհրավիրի Սեֆիլյանին

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ որոշ մանրամասներ ներկայացնելով հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք ներխուժած զինված խմբի անդամների հետ բանակցություններից։

Ըստ «Արմենպրես»-ի, Բալասանյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Գեորգի Կուտոյանն այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր ևս: Պարոն Կուտոյանը նաև առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է և որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց՝ անհրաժեշտ մասնագիտացված ստա­ցիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք, այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը, մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել»:

Անդրադառնալով պատանդների ազատ արձակմանը, Բալասանյանը հայտարարել է, որ այդ մասով գոհ է պրոցեսից:

Հիշեցնենք, երեկ ազատ արձակվեցին ՊՊԾ գնդում որպես պատանդ մնացած չորս ոստիկանները, այդ թվում՝ Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

«Զինված խմբի տղաներին, նախնական պայմա­նավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք, զինված խմբի տղաները չհար­գեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադ­րություն, այնուհետև ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ և անընդունելի եմ համարում», - հայտարարել է Բալասանյանը՝ շարունակելով. - «Ինչևէ, հետևելով նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերա­տեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատ­րաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև՝ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորը նաև կոչ է արել զինված խմբին՝ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային։ «Քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնեք վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին [Արթուր Վանոյանին] սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից», - գրել է Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանը նաև հայտարարել է, որ իր միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկա­յացուցչի հետ միասին, որին ներկա է եղել նաև «Հիմնադիր խորհրդա­րան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, իրենք «Վարդաշեն» քրեակա­տա­րողական հիմնարկում հանդիպել են Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել են տարբեր հարցեր:

«Ժիրայր Սեֆիլյանն այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է նախագահի հրաժարականի պա­հանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել հանրապետության նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաև հանրապետության նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրել Ժիրայր Սեֆիլյանին և բացատրել իրականությունը և հեռանկարները», - հայտարարել է Բալասանյանը:

Նշենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Նրանք նաև հայտարարեցին, որ շարունակելու են մնալ գրավված տարածքում։