Ուկրաինան սկսում է ծանր զինտեխնիկայի հեռացումը սահմանագծից

Ուկրաինական կողմը սկսում է Դոնբասից ծանր զինտեխնիկայի դուրս բերման առաջին փուլը, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր սկսվում է 100 միլիմետր տրամաչափով հրետանու հեռացումը սահմանագծից։ Այս գործընթացը կիրականացվի բացառապես ԵԱՀԿ դիտորդական խմբի վերահսկողության ներքո», - ասված է հողորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոյն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 12-ին Մինսկում ստորագրեցին Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը։ Պորոշենկոն և Պուտինն ասացին, որ հրադադարը կհաստատվի փետրվարի 15-ին կեսգիշերից։ Փետրվարի 22-ից պետք է սկսվեր ծանր զինտեխնիկայի հետ քաշումը, բայց, ըստ էության, պայմանավորվածությունը չկատարվեց. Ուկրաինայի զինվորականները հայտարարեցին, որ ծանր զինտեխնիկան չեն հեռացնում սահմանգծից, քանի որ ռուս անջատականները չեն պահպանում հրադադարը։