Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինվորականները դուրս չեն բերում ծանր զինտեխնիկան հակամարտության գծից


Ուկրաինա։ Պայթյուն Խարկովի կենտրոնում, 22-ը փետրվարի, 2015թ.
Ուկրաինա։ Պայթյուն Խարկովի կենտրոնում, 22-ը փետրվարի, 2015թ.

Անատոլի Ստելմախի խոսքով, ծանր զրահատեխնիկան հետ կքաշեն, երբ թշնամին դադարեցնի ուկրաինական դիրքերի ռմբակոծությունները։

Ուկրաինայի զինվորականներն այսօր ասել են, որ չեն սկսի ծանր զինտեխնիկայի դուրս բերումը հակամարտության գծից, քանի որ ռուս անջատականները չեն պահպանում հրադադարը։

Հակամարտ կողմերը պայմանավորվել էին ծանր զրահատեխնիկան հակամարտ գծից առնվազն 70 կիլոմետր հետ քաշել։ Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մինսկում տեղի ունեցած բանակցություններում, որին մասնակցել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Փետրվարի 22-ից պետք է սկսվեր ծանր զինտեխնիկայի հետ քաշումը, բայց, ըստ էության, պայմանավորվածությունը չի կատարվում։

Ուկրաինայի բանակի արևելյան գործողությունների մամուլի խոսնակ Անատոլի Ստելմախն այսօր ասել է, որ անցած գիշերվա ընթացքում ռուս անջատականները երկու անգամ խախտել են հրադադարը՝ կրակ բացելով ուկրաինական զորքերի վրա։ Նրա խոսքով, երբ թշնամին դադարեցնի ուկրաինական դիրքերի ռմբակոծությունները, այդ ժամանակ էլ կսկսեն հետ քաշել իրենց ծանր զրահատեխնիկան։ Նույնը պնդել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը։ Հեռուստատեսային բրիֆինգում նա ասել է, որ ռուսամետ անջատականները շարունակում են ռմբահարել ուկրաինական զորքերի դիրքերը, և, որ նման պայմաններում ծանր զինտեխնիկան հետ քաշելու խոսք չի կարող լինել։

Ուկրաինայի Խարկով քաղաքում անվտանգությունն ուժեղացված է. փետրվարի 22-ին Խարկովի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Երկու մարդ զոհվել է՝ մեկը քաղաքացիական անձ է, մյուսը՝ ոստիկան։ Պայթյունի հետևանքով ևս 11-ը վիրավորվել է՝ այդ թվում չորս ոստիկան։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ չորս կասկածյալ են ձերբակալել։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովն այսօր ասել է, որ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել։

Ռումբը պայթեցվել է խաղաղ երթի ժամանակ. ցուցարարները նշում էին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնից հեռացնելու մեկ տարին։

Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության պաշտոնյան ասել է, որ ձերբակալված չորս կասկածյալները հրահանգներ և զենքեր ստացել են Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Խարկովի դատախազությունը, հաղորդում է, որ պայթեցված ռումբը լիցքավորված էր մետաղյա իրերի բեկորներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG