Քառյակը իշխանափոխության պահանջ չի ներկայացնում

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերն այսօր վերջապես հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջները՝ ուղղված իշխանություններին:

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունները այսօր վերջապես հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջները՝ ուղղված իշխանություններին: Դրանցում ո՛չ նախագահ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չի դրվում:

Փոխարենը՝ 12 կետերից առաջինով քառյակը պահանջում է վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը և աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին:

Ոչ իշխանական ուժերի երկրորդ պահանջն է վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի:

Երրորդ՝ առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:

Չորրորդ՝ առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները:

Հինգերորդ՝ գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի:

Վեցերորդ՝ հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը:

Յոթերորդ՝ բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության:

Ութերորդ՝ գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:

Իններորդ՝ ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ:

Տասներորդ՝ Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Տասնմեկերորդ՝ ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:

Տասներկուերորդ՝ չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ներկայացնելով այս բոլոր կետերը, հայտարարեց՝ քառյակն ակնկալում է, որ իշխանությունները այս ամենը պետք է իրականացնեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը:

«Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը Ազատության հրապարակում կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա գործողությունները», - ասաց Հակոբյանը:

12 կետերը բարձրաձայնելուց հետո ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» հերթով ստորագրեցին հայտարարությունը, այն համարելով մեծ ձեռքբերում:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե՝ եթե մինչև սեպտմբերի 30-ը իրենց պահանջները չկատարվեն կամ դրանց մի մասը կատարվի, այդ դեպքում քառյակը համաձայնության կգա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցում:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե հարցեր ես բարձրացնում ու դրանք լուծում չեն ստանում, ապա միակ ճանապարհը մնում է իշխանափոխությունը, բայց իրենք այդ հարցում այլ մոտեցումներ ունեն:

«Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք դրանից հետո ինչպիսի համակարգ ենք ունենալու», - նշեց նա:

Կպահանջի՞ արդյոք ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե 12 կետերը չկատարվեն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանում է․ - «Կլուծվի, թե ոչ՝ կարծում եմ շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո արդեն մենք չորս քաղաքական ուժերով և ժողովրդի հետ միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: Մեզ համար տաբու հարցեր չկան»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համաձայն է դաշնակցական գործընկերոջ հետ՝ պետք է ոչ թե անձը փոխվի, այլ համակարգը:

«Պարոն Ռուստամյանը ճիշտ նշեց: Ի վերջո՝ պիտի անձերը գնան, դրանում խոսք չկա: Բայց եթե համակարգը մնում է, նոր անձ է գալիս՝ ոչինչ չի փոխվում», - մեկնաբանեց նա։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, վերահաստատելով Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, ընդգծեց, որ իրենք շարունակում են վստահ լինել՝ բոլոր խնդիրների լուծումը հնարավոր է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու և երկրում արդար ընտրություններ անցկացնելու միջոցով․ - «Համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքը այսօր Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Բայց մենք նաև հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ դարձնել երկրում ընթացող այս քաղաքական գործընթացը, և մենք սա դիտարկում ենք, գոնե մեր գործողությունների համար, որպես առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ որ ես ասացի»:

Պատասխանելով այն հարցին, թե քանի որ խնդիրների լուծման բանալին Սերժ Սարգսյանի հեռացումն է, ինչո՞ւ ՀԱԿ-ը այդ 12 կետերում չի ընդգրկել նաև այդ պահանջը, Լևոն Զուրաբյանը հետևյալ կերպ բացատրեց․ - «Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնվել ենք»:

Չնայած որ Հայ Ազգային կոնգրեսն այսօր իր ստորագրությամբ միացավ իշխանությանը ներկայացված 12 պահանջներին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե իրենք այս կառավարությունից որևէ սպասելիք չունեն:

«Չար ծառը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի չար ծառը, բարի պտուղ չի կարող տալ: Ուստի մենք այս կառավարությունից բացարձակապես որևէ սպասելիք չունենք», - ասաց նա:

Լևոն Զուրաբյանին հարցրեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են այդ «չար ծառին» 12 կետից բաղկացած պահանջներ ներկայացնում:

«Սա պահանջ չէ Սերժ Սարգսյանի իշխանությանը, սա պահանջ է Հայաստանի ցանկացած իշխանությանը», - պատասխանեց նա: