Մոսկվան պատրաստ է համագործակցել Կիևի նոր իշխանության հետ

Ուկրաինայի զինվորականները ռազմական գործողությամբ փորձում են Դոնեցկի օդանավակայանից դուրս մղել ռուսամետ զինյալներին, 26 մայիսի, 2014թ.

Մինչդեռ, Դոնեցկի ռուս անջատականները Պուտինից օգնություն են խնդրում։
Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները նկատել են տալիս, որ մտադիր են համատեղ ջանքերով կարգավորել ճգնաժամը։

Երեկ ելույթ ունենալով Կիևում՝ ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, թե ծրագրում է հունիսի սկզբին հանդիպել Ռուսաստանի ղեկավարների հետ։ Նրա փոխանցմամբ, առանց Մոսկվայի մասնակցության անհնարին կլինի կայունություն հաստատել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում։

Պորոշենկոն ասել է, թե իր առջև դրված ամենակարևոր խնդիրը խաղաղությունն է։

«Մեր թիմի առաջին քայլերն ուղղված կլինեն պատերազմն ավարտելուն, քաոսին և անիրավությանը վերջ դնելուն: Մենք պետք է խաղաղություն բերենք Ուկրաինա»,- ասել է Պորոշենկոն։

Նա հայտնել է, որ երկրի արևելյան շրջաններում շարունակվելու է հակաահաբեկչական գործողությունը, սակայն այն հարկ է ավելի արդյունավետ կերպով անցկացնել։ Նա ընդգծել է, որ Կիևը երբեք չի ընդունի Ղրիմի կորուստը։ Ի դեպ, այսօր Պորոշենկոն տեղեկացրել է, որ ցանկանում է վարչապետի պաշտոնը վստահել ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկին։

«Սահմանադրության համաձայն, նախագահական ընտրությունները վարչապետի հրաժարական չեն պահանջում։ Արսենի Պետրովիչը այս փուլում հաջողությամբ է կատարում իր պարտականությունները։ Նրա աշխատանքը վարչապետի պաշտոնում կարող է շատ արդյունավետ լինել, ուստի, ես կառավարության ղեկավարի փոփոխություն չեմ նախատեսում»,- ասել է ընտրյալ նախագահը։

Այսօր Պորոշենկոյի հաղթանակին է արձագանքել պաշտոնական Մոսկվան։

«Քվեարկությունը տեղի է ունեցել Ուկրաինայի շատ շրջաններում, և ընդհանուր առմամբ դա ինքնին դրական փաստ է։ Ինչպես նախագահն է նշել, մենք հարգելու ենք Ուկրաինայի ժողովրդի կամարտահայտության արդյունքը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա փոխանցմամբ, կարևորն այն է, որ Ուկրաինայի ներկայիս վարչակազմը հարգի սեփական քաղաքացիներին, մարդկանց, գտնի փոխզիջում, որը հաշվի կառնի քաղաքական բոլոր ուժերի, ազգությունների և դավանանքների շահերը։

«Առանց դրա ոչինչ չի ստացվի»,- ասել է Լավրովը։

Արևմուտքն ընդհանուր առմամբ գովեստով է արտահայտվում ընտրությունների մասին։

«Այս ընտրություններն ապահովում են կայունություն, որն անհրաժեշտ է Ուկրաինայի ապագան որոշելու համար»,- այսօր Կիևում ասել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ժոաո Սոարեշը, ով ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է երկխոսությամբ կարգավորել։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Բեռլինում ասել է, թե Ուկրաինայի նորընտիր նախագահը մեծ մարտահրավերների պետք է դիմագրավի․ անհրաժեշտ է անհապաղ լուծել քաղաքական և տնտեսական հարցեր։

«Ես շնորհավորում եմ Պետրո Պորոշենկոյին այս ընտրություններում տպավորիչ արդյունք ապահովելու կապակցությամբ»,- ասել է Շտայնմայերը։

Սպիտակ տունը նույնպես ողջունել է ընտրությունների ընթացքն ու արդյունքը, հայտարարելով, որ «ուկրաինացիները խիզախություն են դրսևորել և կարևոր քայլ են արել երկրի միասնությունը վերականգնելու ուղղությամբ»։

Մինչդեռ, հենց այսօր` վաղ առավոտյան, խիստ սրվել է իրավիճակը Դոնեցկում, որտեղ ռուսամետ անջատականները գրավել են քաղաքի գլխավոր օդանավակայանը։

«Առավոտյան ժամը 3-ին մի խումբ զինյալներ ներխուժել են օդանավակայան, բախում չի եղել։ Նրանք պահանջել են, որ անվտանգության համար պատասխանատու ուկրաինացի զինծառայողները հեռանան։ Ելնելով անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ առավոտյան ժամը 7-ից թռիչքներ չեն իրականացվում»,- ասել է Դոնեցկի օդակայանի խոսնակ Դմիտրի Կոսինովը։

Կիևը հայտարարել է, որ վերսկսում է հակաահաբեկչական գործողությունը։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն անցած գիշեր հայտարարել է, որ մայիսի 26-ից այդ տարածքում ռազմական դրություն է մտցվում։

Երեկոյան Պուշիլինը օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Դոնեցկը և արվարձանները մարդասիրական աղետի եզրին են, օգնեք մեզ»,- հայտարարել է Պուշիլինը։