Ռուսաստանը և Հայաստանը երկխոսություն են վարում Ադրբեջանով Հայաստան պարարտանյութերի մատակարարման շուջ, "Россия-24" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, մենք համարում ենք՝ այն իրոք կարևոր է, քանի որ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով Հայաստան անցավ ռուսական հացահատիկով առաջին գնացքը: Այսինքն՝ առաջին անգամ ավելի քան 30 տարում, առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ժամանակաշրջանում անցավ առաջին գնացքը հացահատիկով: Մենք քննարկում ենք նաև այդ գծի բեռնումը այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով», - ասել է Օվերչուկը:
Բացի այդ, ըստ ՌԴ փոխվարչապետի, խոսքը նաև այն մասին է, որ ապահովվի փոխադրումը հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան:
«Այսինքն՝ սրանք այնպիսի տեղաշարժեր են, որոնք բոլորովին վերջերս քիչ հավանական էին թվում», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Օվերչուկը:
Այս շաբաթասկզբին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, մեկ շաբաթ առաջ էլ Երևանում անցկացվել էր երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ: