Մատչելիության հղումներ

Օրենք ընդդիմադիրների՞, թե՞ բանակից խուսափածների համար

Ուղիղ 5 ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից ու նաև իր ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, այժմ ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանը բարձրացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորված Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու հարցը, հայտարարելով.

Վահագն Ալեքսանյանը
Վահագն Ալեքսանյանը

«Ուժեղ Հայաստան» կուսկացությունը ստեղծած Նարեկ Կարապետյանը հրաժարվում է անցնի էդ բուժզննությունը, փաստացի՝ մարդը բանակից ազատվել է բժշկական տեղեկանքով ու հիմա հրաժարվում է անցի բուժզննություն, որպեսզի ցույց տա՝ արդյուք այդ տեղեկանքը կեղծ էր, թե կեղծ չէր: Մի վախեցի, Նարեկ ջան, անցի էդ բուժզննությունը»:

Ալեքսանյանը պնդել էր՝ բժշկական տեղեկանքով բանակից ազատված Կարապետյանը հրաժարվում է կրկնակի բուժզննություն անցել և քննիչները նրան պարտադրելու որևէ լծակ չունեն.

«Ինչպես գիտեք ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բանակում չի ծառայել առողջական ինչ-որ տեղեկանքի վրա: Հիմա քննչական մարմինները կասկածում են, որ էդ տեղեկանքը իսկական է ու ասում են՝ անցիր բուժզննություն, ասում է՝ չեմ անցնում»,- դեռ հունվարին ասում էր Վահագն Ալեքսանյանը: Ամիսներ անց՝ Ալեքսանյանն օրենքի նախագիծը ներկայացրեց խորհրդարան և ընդամենը 2 օրում իշխող ՔՊ-ն քրեականացրեց բժշկական փորձաքննությունից կամ նմուշ տալուց հրաժարվելը:

Այս նախագիծը իրականում պատկանում էր իշխանական մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանին, Վահագն Ալեքսանյանը չթաքցրեց, որ այն վերցրել է գործընկերոջ ժամանակին ներկայացրած փաթեթից: Ու, թեև, այսօր իշխող մեծամասնությունը միաձայն ընդունեց օրենքը, նախկինում 2 ագամ մերժել էր այն. մեկ անգամ 2025-ին և 2-րդ անգամ 2026-ի սկզբին:

Մինչդեռ, այսօր արդեն, քրեական օրենսգրքում նախատեսվեց նոր հանցակազմ, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, ովքեր ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վարույթով՝ վկայի, ձերբակալվածի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեն և հրաժարվում են կամ խուսափում են փորձաքննության համար նմուշ հանձնել կամ փորձաքննության ենթարկվել:

Վահագն Ալեքսանյանի խոսքով.- «Մի շարք դեպքեր կան, որ 10 տարի առաջ ինչ-որ մեկն ազատվել է զինծառայությունից, կա քրեական վարույթ նրա ազատման հետ կապված, բայց մարդը հրաժարվում է գնա ու կրկնակի բուժզննություն անցի, հետևաբար այս օրինագիծը շատ կարևոր օրինագիծ է և պետք է ընդունվի»:

«ՔԿ. Նարեկ Կարապետյանը չի անցել որոշ ռենտգեն հետազոտություններ, նախաքննությունը շարունակվում է»

Իհարկե, Վահագն Ալեքսանյանն այսօր Նարեկ Կարապետյանի անունը չհիշատակեց, սակայն Քննչական կոմիտեն դեռևս ամիսներ առաջ քրեական վարույթ էր նախաձեռնել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու հոդվածով:

Վարույթի շրջանակում առողջական խնդիրների հիմքով ծառայությունից ազատվելու հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով նշանակվել էին փորձաքննություններ: Սակայն, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, Կարապետյանը «չի անցել որոշ ռենտգեն հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են եղել համապատասխան գործընթացների շրջանակում»։ Նախաքննությունը դեռ շարունակվում է, Կարապետյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:

«Ընդդիմադիրների դեմ ճնշման հերթական գործի՞ք», թե՞ բանակից խուսափելու դեմ պայքար

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ խորհրդարանի արտահերթ նիստում այսօր ընդունված նոր օրենքը կարող է մահակ դառնալ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց դեմ:

Նախքան քվեարկությունը, Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հարց բարձրացրեց՝ արդյոք այս նոր օրենքը տարածվելու է բոլորի, այդ թվում՝ իշխանության անդամների վրա, թե դառնալու է ընդամենը ընդդիմադիրների դեմ ճնշման հերթական գործիք:

Գեղամ Մանուկյանը
Գեղամ Մանուկյանը

«Որտեղի՞ց այդ երաշխիքը, որ քրեական գործ կհարուցվի իրականում զորակոչից անօրինական բոլոր ազատվածների հետ կապված և ոչ թե այս կամ այն ճաշակով քրեական գործ կհարուցվի»,- հարցնում էր ընդդիմադիր պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը բերեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի օրինակը՝ նշելով, որ նա էլ է ազատվել բանակից՝ առողջական խնդիրներով:

«Հայաստանի արտգործնախարի տեղակալը ասպիրանտուրայի պատրվակով ազատվել է ծառայությունից, 3 տարի որևէ հոդված չի գրել, 3 տարի որևէ բան չի արել, վերջում, երբ ժամկետը լրացել է, ազատվել է: Ես չգիտեմ՝ ինքն իրականում առողջական պատճառով է ազատվել, թե՞ այլ պատճառով, ձևակերպել են առողջական»,- նշեց Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով նաև վարժական հավաքների հետ կապված ընտրողական վերաբերմունքը, ողջամիտ կասկած ունի, որ այս օրենքը դառնալու է միջոց՝ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելու համար: Ընդդիմադիր գործիչը նաև չբացառեց, որ սա արվում է նաև Նարեկ Կարաետյանի վերաբերյալ հաուցված գործի շրջանակում:

Ի դեպ, Քրեական օրենսգրքի համաձայն՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը շեշտում է.- «Նույն իշխանության մեջ եղած առողջական հարցերով բանակից ազատման դեպքի հետ կապված որևիցե մեկս չենք լսել չէ՞ քրեական գործ հարուցելու մասին»:

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մտահոգությունների մասին օրենքի հեղինակ Վահագն Ալեքսանյանից արձագանք ստանալ չհաջողվեց:

«Օրենքի նախագիծը չի շրջանառվել», հանրային կարծիք նախագծի վերաբերյալ չկա». փոխնախարար

Այն, որ այսօր ընդունված օրենքը հապշտապ է բերվել խորհդարան, «չի շրջանառվել», «հանրային կարծիք նախագծի վերաբերյալ չկա», իր խոսքում ընդգծեց կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: Եվ, քանի որ, օրինագիծը շատ «զգայուն» է, փոխնախարարը առաջարկեց Քրեական օրենսգրքում կատարված այդ փոփոխությունը տարածել ոչ միայն զորակոչից ազատված անձանց, այլև առհասարակ բոլոր քրեական վարույթների վրա՝ սահմանելով ավելի մեղմ պատժաչափեր:

Ըստ այդմ՝ առողջական խնդիրներով զորակոչից ազատված այն անձինք, ովքեր քրեական վարույթի շրջանակում կխուսափեն կրկնակի բուժում անցնել, կպատժվեն տուգանքով՝ 1.5 միլիոն դրամի չափով կամ կդատապարվեն մի քանի ամսից մինչև 2 տարվա ազատազրկման:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG