Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ռուսական բանակի կողմից օկուպացված Օլեշկի քաղաքում ուժի մեջ է մտել մարդասիրական առաքելության համար հայտարարված հրադադարի ռեժիմը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը հաղորդել է, որ հրադադարը սկսել է գործել Կիևի ժամանակով ժամը 3-ին «որոշակի տարածքներում», որտեղ անցկացվելու է մարդասիրական գործողությունը: Նրա հավաստմամբ՝ կրակի դադարեցման բոլոր պայմաններն առայժմ պահպանվում են:
Հրադադարի ռեժիմի սկիզբը հաստատել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: «Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացումը նախապատրաստելու կապակցությամբ ՌԴ Զինված ուժերը դադարեցրել են կրակը Խերսոնի ուղղությունում և 2026 թվականի հոկտեմբերի 27-ի ժամը 4-ն անց 00 րոպեից մտցվել է «լռության ռեժիմ», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Ռուսաստանը և Ուկրաինան Օլեշկիում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ պայմանավորվել են մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և բնակիչների տարհանումը նախապատրաստելու նպատակով: Սպիտակ տունը հաղորդել էր, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ:
Գործողության առաջին փուլը քաղաք տանող ճանապարհների ականազերծումը պետք է լինի: