Ուկրաինայի՝ ռուսների կողմից օկուպացված Օլեշկի քաղաքից տարհանված խաղաղ բնակիչները վերադարձել են Ուկրաինա: Այդ մասին հաղորդել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը վստահեցել է, որ բոլոր տարհանվածներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:
Երեկ Օլեշկիից դուրս է բերվել ավելի քան 750 մարդ: Տարհանվածների մի մասը ցանկություն են հայտնել մեկնել Ռուսաստանի տարածք. նրանց ուղարկել են Սիմֆերոպոլի ժամանակավոր բնակության կետ: Ուկրաինա մեկնել ցանկացողներին ավտոբուսներով տեղափոխել են Անապա, որտեղից նրանք այսօր օդանավերով մեկնել են բելառուսական Գոմել քաղաք: Գոմելի օդանավակայանից նրանց բելառուսական ավտոբուսներով հասցրել են «Նովայա Գուտա» սահմանային անցակետ, որտեղ սահմանային ստուգումից հետո ուկրաինական ավտոբուսներով տեղափոխել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզ, մանրամասնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով լիազոր Դմիտրի Լուբինեցը նշել է, որ տարհանվածների նկատմամբ ֆիլտրացիոն միջոցառումներ չեն անցկացվել:
Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին հրադադարի ռեժիմի խախտման համար: Ըստ նրա՝ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Օլեշկիից դուրս եկող ավտոմեքենայի վրա, վիրավորվել են մեքենայում գտնվող կինը և տղամարդը, որոնք հոսպիտալացվել են: Միրոշնիկը համոզված է, որ անօդաչուն Ուկրաինայի զինված ուժերինն էր:
Հրադադարի ռեժիմը Օլեշկիում պետք է գործի մինչև վաղը Մոսկվայի ժամանակով ժամը 22:59-ը:
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» զորախմբի հրամանատարության ներկայացուցիչը Մաքսիմ Կրավչուկը, սակայն, հակադարձել է, թե ուկրաինական զորքերը մարդասիրական առաքելության գոտում խստորեն պահպանում են հրադադարը, մինչդեռ «արձանագրվել են թշնամու սադրիչ գործողություններ»: Ըստ Կրավչուկի՝ հրադադարի ընթացքում ուկրաինացի զինվորականները քանիցս Օլեշկիի երկնքում տեսել են ռուսական հետախուզական անօդաչուներ և դիտարկել են դրոններից բեռների նետումներ:
Օլեշկին Ուկրաինայի հարավում է` Խերսոնի մարզում, Դնեպրի՝ Խերսոն քաղաքի հանդիպակաց ափին: Պատերազմից առաջ քաղաքում շուրջ 24 հազար մարդ է ապրել: Պատերազմի սկսվելուց ի վեր Օլեշկին մարտական գործողությունների առաջնագծում է, և քաղաքի բնակչության մեծամասնությունը տեղահանվել կամ տարհանվել է: Մինչև տարհանումը այնտեղ մնում էր, ըստ գնահատականների, 1700-2000 մարդ՝ հիմնականում տարեցներ, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ, և մոտ հինգ տասնյակ երեխաներ:
Մարդասիրական գործողությունը Օլեշկիում իրականացվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ: