Մատչելիության հղումներ

Զրպարտե՞լ են Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահին, թե՝ ոչ


Երևանի քաղաքացիական դատարանը խորհրդակցական սենյակում է՝ որոշելու՝ զրպարտե՞լ են պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու կրթության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահին, թե՞ 9-րդ դասարանի դասագրքում շարադրել են չոր իրականությունը։

Սամվել Շահրամանյանը պահանջում է հերքել «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» արտահայտությունը: Նա այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը հակադարձում է՝ ինքը չի հորինել, հիմնվել է պաշտոնական աղբյուրի վրա, ասաց. - «Առաջին՝ գրվել է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության հիման վրա, որը դրվել է ՀՀ բոլոր լրատվական կայքերում»:

Հովսեփյանը հիշեցնում է Արցախի տեղեկատվական շտաբի 2023 թվականի սեպտեմբերյան հրապարակումը, որտեղ հստակ նշված էր պետական հիմնարկների լուծարման և Հանրապետության գոյության դադարեցման մասին։

«Երբ ասում ենք, որ այս դասագրքում գրված է այս ձևակերպումը և գրված չէ, թե պարոն Շահրամանյանն՝ օրինակ ինչ հոգեվիճակում է եղել այդ ստորագրելիս, կներեք, բայց, ես ասում եմ՝ հանգամանքները գրված են, այն ինչ հասանելի տեղեկություն է փաստը և ոչ թե մեկնաբանությունը, դրանք գրված են», - լրագրողների հետ զրույցում ասաց դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը:

Ի՞նչ տեքստի շուրջ է վիճում Ղարաբաղի վերջին նախագահը նախարարության ու ժամանակին Փաշինյանի կառավարության կազմում աշխատած պատմաբանի հետ

Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքի՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ենթաբաժնի 139-րդ էջում գրված է. «24 ժամ տևած ռազմական գործողության արդյունքում Լեռնային Ղարաբաղը տվեց 223 զոհ: ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր: ԼՂՀ-ում մնացած ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ, հարկադրված լքեց իր հայրենիքը»:

Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է՝ այս տեքստից ստեղծվում է տպավորություն, թե քանի որ նախագահը հրամանագիր ստորագրեց, բնակչությունը դրա հետևանքով տեղահանվեց:

«Կարծում եմ՝ բոլորիդ համար պարզ է և ակնհայտ, որ Արցախի Հանրապետության բռնի տեղահանումը ամենևին կապված չէ նման բովանդակությամբ Արցախի տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարության հետ», - շեշտում է Շահրամանյանի փաստաբանը:

Տեքստը դեռ հասանելի է Արցախի տեղեկատվական շտաբի տելեգրամյան էջում: Շահրամանյանն ու փաստաբանը պնդում են՝ այն Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր չէ: Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով. - «Չկա այդպիսի բովանդակությամբ հրամանագիր, դուք պատմության դասագրքում տեղ եք տալիս այդպիսի բովանդակությամբ հրամանագրի, որն իրականում գոյություն չունի, որտեղից եք դուք հղում կատարում, ընդ որում՝ գոնե հղում էլ չի կատարվում տեղեկատվական շտաբին, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան գոնե տեղեկատվական շտաբից ծանոթանալ, և տեսնել, որ այդ հայտարարությունն ու դասագրքում տեղ գտած նախադասությունը չեն համընկնում մեկը մյուսին»:

Ի՞նչ է ասվում Շահրամանյանի կողմից «իրավական ուժ չունեցող» որակված հայտարարությունում: Առաջին կետով նշված է՝ «մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը»։

Այս հրամանագրի մասին Շահրամանյանը երկու տարի առաջ խոսել էր Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում:

«Երկրորդ փաստաթուղթը՝ նախագահի հրամանագիրը, որը մեծ քննարկման առարկա է դառնում, որի գինը հենց բնակչության անվտանգ դուրս բերումն էր նաև այդ փաստաթղթի առաջին կետում նախատեսված էր, որ նաև զինծառայողները կարող էին անվտանգ դուրս գալ իրենց սեփական մեքենաներով ու գույքով», - հեռուստաեթերում հայտարարել էր Սամվել Շահրամանյանը:

Ղարաբաղի վերջին նախագահն ու փաստաբանը պնդում են՝ իրենց իրավական համակարգում չկա որևէ ակտ, որով Արցախը լուծարված է:

Ըստ փաստաբան Երիցյանի՝ այս տեքստը հրապարակվել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության սպանդի սպառնալիքի տակ: Անգամ եթե նման հրամանագիր լիներ, ապա դա պետք է մտներ ուժի մեջ, բայց դա չի եղել:

«Ադրբեջանի կողմից ի սկզբանե պահանջ է դրվել Արցախի նախագահին հրավիրել ԱԺ նիստ և կայացնել հռչակագիր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ, ինչից մենք խուսափել ենք», - ասաց Երիցյանը:

Ըստ Շահրամանյանի ու փաստաբանի՝ Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում փորձել են Արցախի անկումը վերագրել վերջին նախագահին, չեն ներկայացրել այն օբյեկտիվ հանգամանքերը, որոնց ճնշման ներքո էլ եղել է իրավական ուժ չունեցող այդ հրամանագիրը: Շահրամանյանն, ի դեպ, այն չեղարկել էր մեկ ամիս անց՝ արդեն Հայաստանում:

Եվ սա արվում է Հայաստանի բարձրագույն իշխանության կողմից, պնդում է փաստաբանը՝ շեշտելով.- «Արցախի Հանրապետության ժամանակավոր անկման փաստը մեղսագրել Արցախի Հանրապետության ղեկավարությանը»:

Դատական վեճի առիթ դարձած տողերի հեղինակ պատմաբանն, իր հերթին, հակադարձում է՝ այս դատական գործով փորձում են ճնշում բանեցնել իր վրա:

«Ասում են՝ Դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը: Կներեք, Հայաստանում այսօր որևէ մեկը տեսե՞լ է Տիգրան Երվանդյանի և Կյուրոս Մեծի դաշինքը, ինչ-որ մեկը տեսե՞լ է 66 թվականի Արտաշատի պայմանագիրը, ոչ մեկ չի տեսել, դե եկեք հետ գնանք բոլոր էդ շրջանները գրած պատմաբաներին բերենք դատի տանք, ասենք՝ գիտես ինչ կա՝ դե հիմա ապացուցեք, որ այդպիսի փաստաթուղթ է եղել, կներեք, սա արդեն մանկապարտեզ է», - ասում է դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը:

Դատարանի որոշումը 15 օրից պարզ կդառանա, այն գրավոր կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG