Մատչելիության հղումներ

Զելենսկին Ռուսաստանին մեղադրում է էներգետիկ հրադադարը խախտելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Խարկովի ջերմային էլեկտրակայանին հասցված հարվածից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարը խախտելու մեջ և հորդորել է Վաշինգտոնին ապահովել, որ Մոսկվան պահպանի որևէ համաձայնություն:

Միացյալ Նահանգներում հաջորդ ամիս անցկացվելիք միջանկյալ ընտրությունների շեմին էներգակիրների բարձր գների պատճառով ճնշման տակ գտնվելով, Թրամփը անակնկալի բերեց Կիևին և նրա եվրոպական դաշնակիցներին՝ հայտարարելով, թե Ուկրաինան և Ռուսաստանն անցած հանգստյան օրերին համաձայնել են էներգետիկ հրադադարի շուրջ: Նա նաև բացահայտեց Ռուսաստանից դիզելային վառելիք գնելու գործարքը՝ հարուցելով Կիևի վրդովմունքը:

«Եղել են նախագահ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարի խախտումներ ռուսական կողմից», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին:

«Մենք սպասում ենք ամերիկացիների և ռուսների միջև պայմանների մանրամասներին, և մենք սպասում ենք՝ տեսնելու մի կոնկրետ քայլ, որ ամերիկացիները պատրաստ են կատարել», - նշել է Ուկրաինայի նախագահը՝ վստահեցնելով, որ հրադադարի համաձայնության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

Զելենսկին նշել է, թե Կիևը զգուշավոր է որևէ համաձայնության հարցում, որը կարող է Ռուսաստանին առավելություն տալ՝ Ուկրաինային ստիպելով միակողմանիորեն դադարեցնել հարձակումները ռուսաստանյան նավթավերամշակման ձեռնարկությունների վրա:

«Այս էներգետիկ հրադադարը կարող է աշխատել և կարող է դառնալ կարևոր քայլ պատերազմը ավարտելու գործում, եթե ամերիկացիներն իրոք հենց այժմ ներգրավվեն և ապահովեն, որ ռուսներն այն հարգեն», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:


​
XS
SM
MD
LG