Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։
Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենար Աբու Դաբիում կիրակի օրը, սակայն Զելենսկին նշել է, որ չգիտի, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ հանդիպմանը ներկա լինեն բոլորը, ում հետ մենք համաձայնության ենք եկել, քանի որ բոլորը սպասում են արձագանքի», - իր գրասենյակի կողմից հրապարակված հայտարարությունում ասել է Զելենսկին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք մասնակցել էին բանակցությունների նախորդ փուլին, չեն մասնակցի Աբու Դաբիում կայանալիք շաբաթավերջյան հանդիպմանը։
«Ամսաթիվը կամ վայրը կարող են փոխվել, քանի որ, մեր կարծիքով, Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստեղծված իրավիճակում ինչ-որ բան է կատարվում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։