Կան նշաններ, որ կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում, ամերիկյան կողմի հետ երեկվա բանակցություններից հետո՝ երեկոյան տեսաուղերձում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ֆլորիդայում կայացած բանակցություններին Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չէին: Ամերիկյան կողմից ներկա են եղել նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները:
Զելենսկին չի հստակեցրել, թե արդյոք կշարունակվեն բանակցությունները, երբ և որտեղ դրանք կարող են տեղի ունենալ և ինչ ձևաչափով:
Նա շեշտել է, որ ամերիկյան կողմի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է առաջին հերթին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ամբողջ տարածաշրջանի վրա, բայց Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ նույնպես պետք է դադարեցվի:
Զելենսկին ավելի վաղ դաշնակիցներին կոչ էր արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա:
Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել է ռուսական նավթի նկատմամբ որոշ պատժամիջոցներ, որպեսզի օգնի հաղթահարել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած մատակարարումների պակասը: