Նախօրեին ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ֆլորիդայում մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր:
«Մենք շարունակեցինք քննարկել հիմնական հարցերը և բանակցային ուղու հաջորդ քայլերը», - X-ում գրել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։
Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել հանդիպմանը։
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողներն այս տարի հանդիպել են Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված երկու բանակցությունների շրջանակում: Եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին:
Սպիտակ տունը վերջին հանդիպումը որակել է որպես «կառուցողական», որտեղ քննարկումները «կենտրոնացել են մնացած հարցերի նեղացման և լուծման վրա՝ համապարփակ խաղաղության համաձայնագրին մոտենալու համար»։
Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Ումերովը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ կիրակի օրը կշարունակվեն բանակցությունները:
Վաշինգտոնի բանակցային թիմը գլխավորում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները: Ուիթքոֆն ասել է, որ Ամերիկյան կողմը ողջունել է «չլուծված հարցերի լուծման ուղղությամբ շարունակական ներգրավվածությունը՝ գիտակցելով դրա կարևորությունը ավելի լայն համաշխարհային կայունության համար»։
Ումերովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին բանակցությունները շարունակելու գործում «հետևողական աշխատանքի» համար։
Զելենսկին, իր երեկոյան տեսաուղերձում ավելի վաղ, ասել էր, որ բանակցությունների շարունակությունը կարևոր է համաձայնության հասնելու համար։
«Բոլորիս համար կարևոր է, որ դիվանագիտությունը շարունակվի, և որ մենք փորձենք վերջ դնել այս պատերազմին... Ոչ ոք չի ուզում այս պատերազմը», - ասել է Զելենսկին: