Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման՝ ճակատի ներկայիս գծով։ Դա կնշանակի, որ երկրի տարածքի մի մասը անորոշ ժամկետով կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Զելենսկին վիճարկել է այն գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի ամբողջ տարածքի 25 տոկոսը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է մի փոքր պակաս քան 20 տոկոսը։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ չէ իրավաբանորեն ճանաչել օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի տարածք։

Վերջին օրերին Ուկրաինայի նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է հակամարտությունը սառեցնելու պատրաստակամության մասին։ Հոկտեմբերի 21-ին նա նույն միտքն արտահայտել էր Fox News-ին տված հարցազրույցում։ Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով՝ Զելենսկին չի ձգտում խաղաղության։ Կիևում, հակառակը, պնդում են, որ Ուկրաինան արդեն իսկ զգալի զիջումների է գնացել, այդ թվում՝ համաձայնելով հակամարտությունը սառեցնելու հնարավորությանը։ Ուկրաինան նման առաջարկի հետ առաջին անգամ համաձայնել էր դեռևս նախորդ տարվա գարնանը։

Մոսկվան դեմ է ռազմական գործողությունները ճակատի ներկայիս գծով դադարեցնելուն։ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան պետք է իրեն հանձնի առնվազն Դոնեցկի մարզի ամբողջ տարածքը։ Ներկայումս Ուկրաինան շարունակում է վերահսկել այդ մարզի տարածքի ավելի քան 10 տոկոսը։


​
XS
SM
MD
LG