«Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում», ըստ APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է, Ալիևը նշել է. «Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի, համաձայն՝ 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ կողմից ստորագրված փաստաթղթի»։
«ԹՐԻՓՓ նախագիծը իրագործվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավազորության հիման վրա»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պնդելով, թե դա տարածվում է «նախագծի բոլոր գոտիների» վրա։
«Որ մեկը տեղ չունենա, ասի՝ այնտեղ մի հատ կոշիկի տեղ կա, 42 ռազմերի, ա՛յ էդ …միջանցքային կոշիկ է », նշել է Փաշինյանը։
Անցյալ տարի աշնանը ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին էր դիմել պարզաբանման կոչով, թե ի՞նչ նկատի ունի նա «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելով, և պնդել էր, որ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
Այնուհետև ԵԽԽՎ հարթակից հստակեցրել էր իր ակնկալիքը. «Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան՝ քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը, ՀՀ տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում»: