Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ Պուտինը տեղյակ չէր ՀՀ Սահմանադրության մանրամասներից

Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը տեղյակ չէր ՀՀ Սահմանադրության մանրամասներից, որ ԱԺ ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցողները:

Հարցին, թե ինչո՞ւ երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսեց այդ մասին, արդյոք տեղյակ չէ՞ր, որ ՌԴ քաղաքացիությամբ անձը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու, վարչապետը պատասխանեց. «Ռուսաստանի նախագահը, առավել ևս հաշվի առնելով երկրի մասշաբները և այն օրակարգը, որի հետ առնչվում է, ուզենար էլ, չէր կարող մանրամասների մեջ մտնել: Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, այդքան բան»:

Պուտինը երեկ ասաց, որ Հայաստանում շատ ռուսամետ քաղաքական ուժեր կան, և Մոսկվան կուզեր, որ նրանք կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընթացքում: Փաշինյանն արձագանքեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ՌԴ անձնագրով անձինք չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել:

Փաշինյանն այսօր հավելեց, որ ՌԴ նախագահի օրակարգն անսահման է, և նրան ուղղակի պետք է ամբողջությամբ տեղեկացնեին Հայաստանի մայր օրենքի մասին:

«Ես պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նյուանս կա», - ասաց նա:

Ռուսաստան իր նախօրեի այցը Փաշինյանը որակեց շատ հաջող:

XS
SM
MD
LG