ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ հունվարին երկրում իշխանությունների կողմից կառավարության դեմ բողոքի ցույցերի բիրտ ճնշումից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Starlink-ը տեղակայելով՝ Սպիտակ տունը փորձեց ցուցարարներին ապահովել ինտերնետ հասանելիությամբ, որն Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել։
ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան գործակալության տվյալներով տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 7000 մարդ, որոնց մեծ մասը՝ 6506-ը, ցուցարարներ էին: Երկրում իշխանությունների կողմից ինտերնետի անջատելուց հետո, ըստ մարդու իրավունքների պաշտպանության խմբերի, Միացյալ Նահանգները մաքսանենգ ճանապարհով երկիր է ներմուծել մոտ 6000 արբանյակային ինտերնետային հավաքածու, ինչն առաջին դեպքն է, երբ Starlink համակարգն առաքվում է Իրան, ասվում է հրապարակման մեջ:
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը ձեռք է բերվել հունվարին: Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց չգիտեն՝ արդյոք նա հաստատել է այդ ծրագիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ կխոսի Starlink ընկերության սեփականատիրոջ հետ՝ հասկանալու, թե ինչ կարող են անել Իրանում ինտերնետը վերականգնելու համար:
- Թեհրանն առանց ապացույցների բազմիցս մեղադրել է Վաշինգտոնին՝ երկրում տեղի ունեցած համազգային ցույցերը կազմակերպելու մեջ։
- Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ծանր պայմանների, այդ թվում՝ արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։
- Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարածաշրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր, եթե երկրի իշխանությունները սկսեն մահապատժի ենթարկել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին։