Մատչելիության հղումներ

VTB բանկը վաճառում է Թեղուտի հանքավայրը. ո՞վ է հանքի հնարավոր գնորդը

Թեղուտի հանքավայրը, արխիվ
Թեղուտի հանքավայրը, արխիվ

Ռուսական ՎՏԲ բանկը Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է, հայտարարել է ՎՏԲ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը։ Խոսքը Թեղուտի հանքի մասին է, որը վարկային չկատարած պարտավորությունների դիմաց անցել էր ռուսական բանկին։ Թեղուտում արդեն փոփոխություններ են եղել. փոխվել է ընկերության գլխավոր տնօրենը։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար վարկային պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

Մյուս ճգնաժամը Թեղուտում սկսվեց 2022-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Քանի որ ՎՏԲ-ն ռուսական պետական բանկ է, այն հայտնվեց արևմտյան պատժամիջոցների ներքո, շղթայաբար խնդիրներ սկսվեցին պղինձն ու մոլիբդենը այլ երկրների գնորդներին հասցնելու հետ։ Հանքավայրում սկսվեցին կրճատումներ։ 2023-ին Թեղուտը նորից սկսեց աշխատել՝ թեպետ մասնակիորեն։

ՎՏԲ-ի կողմից չի հաղորդվել, թե ով է պղնձամոլիբդենային հանքի նոր գնորդը։ Ենթադրաբար, ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործընթացով է պայմանավորված Թեղուտում գլխավոր տնօրենի փոփոխությունը։ Այս տարվա մարտի վերջին հանքարդյունաբերական ընկերության տնօրեն է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Ներուչևը՝ փոխարինելով 7 տարի այդ պաշտոնում աշխատած Վլադիմիր Նալիվայկոյին, ում այդ պաշտոնին նշանակել էր բանկը (Ներուչևին տնօրենի պաշտոնում ևս նշանակել է ՎՏԲ-ն, ոչ թե նոր սեփականատերը)։

Ո՞վ է Սերգեյ Ներուչևը

Ներուչևը Սախալինի նախկին փոխմարզպետն է, ով աշխատել է մի շարք հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկություններում։ Մասնագիտությամբ երկրաբան Ներուչևը, ի թիվս այլ ընկերությունների, եղել է ռուսական «Ալռոսա» ներդրումային խմբի տնօրենի խորհրդական, 2009-2015 թվականներին էլ՝ «Գեոտրանսգազ» ընկերության գլխավոր տնօրենը։ Սա Ռուսական գազային հանքեր ունեցող ընկերություն էր, որ նախկինում գտնվում էր ռուսական ադամանդային հսկա «Ալռոսա»-ի կազմում՝ որպես ոչ հիմնական ակտիվ։ «Ալռոսա»-ն հետագայում իր ոչ հիմնական ակտիվների վաճառքի ռազմավարության շրջանակում ազատվեց այս գազի հանքերից։

Սերգեյ Ներուչև, արխիվ
Սերգեյ Ներուչև, արխիվ

Թեղուտում իր պաշտոնը Ներուչևը համատեղելու է ադամանդի հանքարդյունաբերությամբ զբաղվող մեկ այլ ռուսական ընկերության՝ «ԱԳԴ դայմոնդս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնի հետ։ Արխանգելսկում գործող «ԱԳԴ դայմոնդս»-ին է բաժին հասնում ռուսական ադամանդի արտադրության 10 տոկոսը. ընկերությանը պատկանող «Գրիբի» ադամանդի հանքավայրը համարվում է աշխարհում ամենախոշորներից։ 2023-ին ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը պատժամիջոցներ կիրառեց «ԱԳԴ դայմոնդս»-ի և նրա եվրոպական դուստր ընկերության՝ Grib Diamonds-ի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կարողությունները սահմանափակելու համար։

Սերգեյ Ներուչևը նաև Հունաստանի քաղաքացի է և «Թեղուտ» ՓԲԸ-ում մի շարք գործողություններ նա կատարել է հունական անձնագրով։ Ներուչևին Թեղուտի տնօրենի պաշտոնում նշանակել է ընկերության դիտորդ խորհուրդը՝ մարտի 16-ին։

Ո՞վ է Թեղուտի հանքի հավանական գնորդը

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Թեղուտի հանքը ՎՏԲ-ից ձեռք բերելու մտադրություն ունի Կոնստանտին Սոկոլովը և/կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունները։ Սոկոլովը Հայաստանում առավել հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր՝ 20 տոկոսի չափով, որը նրան անցավ 2024-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կոնստանտին Սոկոլովը Viva Armenia-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, Երևան, 1-ը հուլիսի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կոնստանտին Սոկոլովը Viva Armenia-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, Երևան, 1-ը հուլիսի, 2025թ.

Իր կայքում Սոկոլովը ներկայացվում է որպես ամերիկացի մասնավոր ներդրող, բարերար, որ ներդրումներով վերափոխել է կարևոր ենթակառուցվածքներ՝ հեռահաղորդակցության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների ոլորտում, նաև Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի հոգաբարձուներից է։ Նրան է պատկանում Չիկագոյում գործող IJS Investments ընկերությունը։ Սոկոլովը, որ 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ, անցած տարի 100 մլն դոլարի նվիրատվություն է կատարել Չիկագոյի համալսարանին՝ Բութի բիզնես դպրոցի MBA ծրագրին աջակցելու համար։
Սոկոլովը նվիրատվություն է կատարել նաև Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամին։

Սանկտ Պետերբուրգում ծնված, հրեական ծագմամբ Սոկոլովը ԱՄՆ քաղաքացի է, մեկը ամերիկացի 37 ընկերություններից ու գործարարներից, որ Meta-ի, Google-ի, Apple-ի հետ փող էր փոխանցել Դոնալդ Թրամփի նախաձեռնած՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի կառուցման համար։ Այս նախագիծը գնահատվում է 250 մլն դոլար։ Ըստ Associated Press-ի՝ Սոկոլովը նաև պարբերաբար նվիրատվություններ է արել նախագահ Թրամփի քաղաքական շտաբին. միայն մեկ տարում նա շուրջ 11 միլիոն դոլար է փոխանցել Թրամփին աջակցող MAGA շարժմանը։ Guardian-ը անցած դեկտեմբերին նկատել էր, որ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփն այցելել էր Ջիբրալթարում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը պատկանում է Կոնստանտին Սոկոլովին։

2024-ին Սոկոլովը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել «Վիվա Արմենիա»-ի զարգացմանն առնչվող հարցեր։

Թեղուտի հանքում նոր սեփականատիրոջ փոփոխության գործարքը դեռ պիտի հավանության արժանանա Մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Այստեղ գործարքի թույլտվության վերաբերյալ որոշում դեռ չկա։



Մկրտիչ Կարապետյան

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG