Մատչելիության հղումներ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեղուտի հանքը վերագործարկելու մասին


Հայազգի գործարար Նորայր Պետրոսյան, 26-ը նոյեմբերի, 2018 թ.

Թեղուտի հանքավայրի աշխատանքից ազատված աշխատակիցները հանքի վերաբացման մասին ծանուցումներ կստանան։

Հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

Կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո գործի նախաձեռնողները Ալավերդի քաղաքում հանդիպեցին հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում հանքը վերաբացելու պատասխանատվությունն ստանձնած Նորայր Պետրոսյանը աշխատակիցներին ասաց. - «Մենք Թեղուտում հանդիպել ենք կադրերի բաժնի վարիչի, շահագործման պետի, ովքեր որ այսօր կան ու ներկա մարդիկ կան, որ ներկա են եղել տղերքից, մեր աշխատողներից։ Բոլոր այն աշխատողները, որ ազատվել են աշխատանքից Թեղուտի կոմբինատից երկուշաբթի-երեքշաբթի ծանուցում կստանան՝ վերադառնալու և գործի ընդունվելու։

Նորայր Պետրոսյանը շեշտում է, որ նախկին սեփականատիրոջ՝ «Վալլեքս» ընկերության, ՎՏԲ բանկին թողած 380 միլիոն դոլարի պարտքի պայմաններում դժվար է հանքից եկամուտ ակնկալել, բայց կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն, բոլոր դեպքերում պատրաստ են հանքը վերաբացել։

«Երբ հաշվարկ կատարեցինք, պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելու։ Բայց մինչ այդ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատը աշխատի։ Անկախ նրանից մենք դրա մեջ փող ունեն թե չունենք, ես խոսել եմ վարչապետի հետ, ես չեմ կարա սուտ խոսեմ։ Մենք դա պետք է վերաթողարկենք։ Ոչ մի բառի վրա իմ ասած, խնդրում եմ չկասկածեք», - նշեց գործարարը։

Տարիներ շարունակ խոստումներ լսած լոռեցիները մտավախություն ունեն, թե սա ընդամենը նախընտրական քարոզչություն է։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Համլետ Հարությունյանը, ով սպասում է նաև Ալավերդու գործարանի վերաբացմանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին ասաց, թե այս ամենից նախընտրական քարոզարշավի հոտ է գալիս։

«Շատ վատ բան է դա ժողովրդի մոտ, եթե այդ հոգեբանությունը մտնի, որ ընտրությունների հետ է կապված ամբողջ շարժը։ Այ, եթե կարողանանք ժողովրդին ապացուցենք, որ դրա հետ չի կապված, դա շատ հաճելի երևույթ կլինի։ Թե չէ Աստված ոչ անի, ժողովրդի մոտ հիասթափություն լինի։ Դա շատ վատ բան է», - ընդգծեց Արեն Մկրտչյանը։

Անգամ Ալավերդու բնակչության հետ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, թե սա քարոզչական հնարք է, և որևէ լուրջ հեռանկար չկա հանքի վերաբացման շուրջ։ Մինչդեռ Արեն Մկրտչյանը վստահեցնում է, թե պայմանավորվածությունները հստակ են, իսկ տարածված լուրերը՝ կեղծ։

Ըստ վարչապետի օգնականի, հանքը շահագործող ընկերությունը նոր տեխնիկական հնարավորություններով կսկսի գործը. - «Այսինքն նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիա, նոր մոտեցումներ և բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել ընկերությունը Թեղուտում։ Այնպես չէ, որ հանկարծակի հայտնվեց և որոշեց հանքը շահագործել, վերագործարկել։ Երկար ուսումնասիրությունների արդյունքում իրենք կատարել են, բնականաբար, իրենց տնտեսական հաշվարկները, հաշվարկել են իրենց հնարավոր եկամուտներն ու հնարավոր վնասները և եկել են այն եզրահանգման, որ, այո, Թեղուտը կարելի է վերագործարկել»։

Թեղուտի հանքավայրի արդեն նախկին աշխատակիցները պնդում են, որ շատերն անցած ամիսներին հուսահատ դրսում են աշխատանք գտել, բայց նշում են, թե վերագործարկման դեպքում կվերադառնան։

«Ճիշտն ասած ժողովրդի մեջ արդեն հույսը կտրվել էր, որ հնարավոր է ինչ-որ վերաբացում լինի Թեղուտում։ Բոլորն էլ մասնագետներ են կամ մի մասը, որ արդեն Ռուսաստանում են գտնվում, լքել են երկիրը, մենք իրենց կխնդրեն վերադառնալ», - ասաց աշխատակիցներից մեկը։

ՎՏԲ բանկն առայժմ որևէ հայտարարություն չի անում, թե արդյոք, իր սեփականությունը հանդիսացող հանքավայրը կվերաբացվի, բայց անհուսալի դարձած պարտքը գոնե մասնակի վերադարձնելու միակ ելքն այսօր հանքի գործարկումն է։

Այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական ՎՏԲ բանկին։

XS
SM
MD
LG