Մատչելիության հղումներ

Վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները չեն կարող առանց վիզայի մտնել շենգենյան գոտի

Վրաստանում դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներն այլևս չեն կարող առանց վիզայի մտնել շենգենյան գոտի․ Եվրամիությունը չեղարկել է առանց վիզային ռեժիմը այս խմբի համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Որոշումը, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբից, խորհդանշական է, քանի որ սահմանափակումների տակ հայտնված անձնիք, փաստացի, կարող են մեկնել Եվրամիության երկրներ իրենց սովորական՝ վրացական անձնագրերով։

Բրյուսեը, սակայն, մի քանի անգամ արդեն հայտարարել է՝ եթե Վրաստանի կառավարության քաղաքականությունը չփոխվի, հաջորդիվ առանց վիզաների ռեժիմից կարող է զրկվել Վրաստանի ողջ բնակչությունը։

Չնայած զգուշացումներին՝ Թբիլիսին հրաժարվում է կատարել ԵՄ պահանջները, այդ թվում՝ վերանայել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի համար կենսական նշանակության հարցը ոչ թե ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության հնարավոր կասեցումն է, այլ՝ խաղաղության և կայունության պահպանումը։

Վրաստանում դիվանագիտական անձնագրեր տրամադրվում են երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, վարչապետին և խորհրդարանի խոսնակին, նախարարներին և նրանց տեղակալներին, խորհրդարանի անդամներին, կաթողիկոսին և այլոց: Ծառայողական անձնագրեր ունեն նախարարությունների և գործակալությունների մի շարք պաշտոնյաներ, իրավապահ մարմինների, դատարանների և դատախազության աշխատակիցներ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների վարչական և տեխնիկական անձնակազմը։

XS
SM
MD
LG