Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային: «Ազատություն» ռ/կ-ի վրացական ծառայության հաղորդմամբ՝ ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի ակցիայի հետ:
Ախալայան բարձրաստիճան ուժայինի պաշտոնն զբաղեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում:
Հանրահավաքը տեղի է ունեցել ՏԻՄ ընտրությունների օրը՝ «կառավարության խաղաղ տապալում» կարգախոսով: Մասնակիցները նախ հավաքվել են Ազատության հրապարակում, ապա երթով շարժվել դեպի նախագահական պալատ: Ցուցարարներից ոմանք ճեղքել են մետաղական ցանկապատը և մտել նախագահականի բակ, որտեղից նրանց դուրս են բերել ոստիկանական ուժերը։
Պետական անվտանգության ծառայության պնդմամբ՝ ակցիայի կազմակերպիչները բազմիցս համացանցով կապ են հաստատել Ախալայայի հետ՝ նախքան նախագահական պալատը «գրավելու» ծրագրի մասին հայտարարելը:
Կառույցի ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մագրաձեն ճեպազրույցի ժամանակ Ախալայային անվանել է հոկտեմբերի 4-ի ակցիայի «գլխավոր կազմակերպիչ»: Նա նաև հայտնել է, որ Ախալայան հրաժարվում է ցուցմունք տալ։ Մագրաձեի խոսքով՝ ձերբակալվել է նաև նրա կինը՝ Անի Նադարեիշվիլին, սակայն այս փուլում նա ազատ է արձակվել:
Ծառայությունը հոկտեմբերյան իրադարձություններին նախկին պաշտոնյայի մասնակցության որևէ աուդիո կամ վիդեո ապացույց չի ներկայացրել:
Բաչո Ախալայան Սաակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել է մի քանի առանցքային պաշտոններ։ Մասնավորապես, նա եղել է Պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարը (2005-2009), պաշտպանության նախարար (2009-2012) և Վրաստանի ներքին գործերի նախարար (2012 թվականի հուլիս–սեպտեմբեր)։ Նրան ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից և «Վրացական երազանքի» իշխանության գալուց մեկ ամիս անց։ Ախալայան մեղավոր էր ճանաչվել պաշտոնաթող գնդապետ Սերգո Տետրաձեի մահվան գործով, անազատության մեջ անցկացրել գրեթե 10 տարի և ազատ է արձակվել 2022 թվականի մարտի 1-ին։