Մատչելիության հղումներ

Վրաստանում 2 օրվա մեջ 2 անգամ լայնածավալ հոսանքազրկում է եղել

Առավոտյան Վրաստանը կրկին մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ համակարգային խափանման պատճառով։ Անջատումը ներառել է Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, մի շարք այլ բնակավայրեր։

Վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանը երկու անգամ բախվել է էլեկտրամատակարարման լայնածավալ խափանումների։

Ըստ NewsGeorgia-ի՝ էներգահամակարգում խափանումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ին մոտ։ Թբիլիսիում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, խափանվել է ջրամատակարարումն ու ինտերնետը, իսկ ամբողջ երկրում կանգ է առել երկաթուղային հաղորդակցությունը։

Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ հաջողվել է վերականգնել միայն ժամը 10:30-ին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի երկու լայնածավալ վթարային անջատումներից հետո դիվերսիայի հոդվածով հետաքննություն է սկսել։

Գերատեսչությունից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում պետական ձեռնարկությունների կամ այլ կարևոր օբյեկտների բնականոն գործունեությանը խոչընդոտելու կամ դրանք պետական շահերին սպառնալիք ստեղծելու նպատակով վնասելու կամ ոչնչացնելու համար։

Առաջին լայնածավալ հոսանքազրկումը տեղի էր ունեցել հուլիսի 24-ի գիշերը։ Այդ ժամանակ վերականգնման աշխատանքները տևել էին մինչև վեց ժամ։

Երկու վթարների պատճառները պաշտոնապես մինչ այժմ չեն հայտարարվել։ Վրաստանի պետական էլեկտրահամակարգում (GSE) նշել են, որ մասնագետները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները և վերացնել հետևանքները։

Միաժամանակ Ինգուրի ՀԷԿ-ի տնօրեն Լևան Մեբոնիան լրագրողներին հայտնել է «Իմերեթի» էլեկտրահաղորդման գծում վթարային խափանման մասին։ Այն Վրաստանի հիմնական բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծն է։

Ուրբաթ օրը Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) հրավիրել է արտահերթ նիստ և սկսել է հետաքննությունը։

XS
SM
MD
LG