Մատչելիության հղումներ

Վրաստանն ադրբեջանցի լրագրողին արտահանձնել է հայրենիք

Վրաստանի իշխանությունները ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին արտահանձնել են հայրենիք: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նրա համար սահմանվել է երկիր մուտքի եռամյա արգելք:

Ապրիլի 1-ին Ադրբեջանը դադարեցրել է քրեական հետապնդումը, որի հիման վրա ավելի վաղ պահանջում էր արտահանձնումը և այդ մասին տեղեկացրել Վրաստանին:

Ապրիլի 4-ի գիշերը լրագրողին կրկին ձերբակալել են իր տան մոտ։ ՆԳՆ-ից հայտարարել են, որ նպատակը «գործի ժամանակին քննությունն է»: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում ոստիկանին վիրավորելու համար՝ որպես վարչական իրավախախտում։

Սադիգովի կինն ու իրավապաշտպաններն աֆղանի գործը քաղաքական են համարում: Կինը մտահոգություն է հայտնել, որ ամուսնուն Բաքվում կարող է սպասվել «ոչ միայն ձերբակալություն, այլև մահ»:

Սադիգովի արտաքսումից հետո հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի՝ Թբիլիսի կատարելիք այցի մասին:

Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել էր 2024-ի օգոստոսին Բաքվի պահանջով։ Հայրենիքում նա մեղադրվում էր շորթման մեջ։ Ինքը՝ Սադիգովը, պնդում է, որ լրագրողական գործունեության համար է թիրախավորվել։

Փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել է նրա արտահանձնումը մինչև վերջնական որոշման կայացումը։ Բանտարկության ժամանակ նա 141 օր հացադուլ է պահել և դադարեցրել այն Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո։

Սադիգովը նաև ակտիվորեն մասնակցել է Թբիլիսիում հակակառավարական ցույցերին և 2025 թվականին երկու անգամ ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ՝ «ճանապարհը փակելու» մեղադրանքով։

XS
SM
MD
LG