Մատչելիության հղումներ

Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստան - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ Թբիլիսիում, 23-ը ապրիլի, 2026թ.
Վրաստան - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ Թբիլիսիում, 23-ը ապրիլի, 2026թ.

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ թույլտվություն չի ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղաղ ակցիա անցկացնելու Թուրքիայի դեսպանատան մոտ:

«Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության փոխանցմամբ՝ համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը փոխանցել է, որ սահմանված ժամկետներում գրավոր դիմում են հղել Թբիլիսիի քաղաքապետարան և ներքին գործերի նախարարություն, սակայն տվյալ վայրում ակցիան անցկացնելու մերժում են ստացել:

Ըստ Բաղդասարյանի, պատասխանում ասված է, որ համաձայն հավաքների և ցույցերի մասին Վրաստանի օրենքի՝ ներքին գործերի նախարարությունը պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և ակցիաների վայրերում ապրող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների միջև: Այդ անձանց գործունեության շարունակումը չպետք է սահմանափակվի:

ՆԳՆ-ն նաև պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և հանրային անվտանգության, կարգուկանոնի, տրանսպորտի և քաղաքացիների ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև, նշված է պատասխանում:

«Հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, մենք չենք դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում: Այդ իսկ պատճառով մենք ոչինչ անցկացնել չենք պատրաստվում», - ասել է Բաղդասարյանը:

Համայնքը նաև հայտարարել է, որ «այդ գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և սասանում է պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը»:

Համայնքն ընդգծել է որ իրենց նպատակն էր «պատմական հիշողությունը պահպանելուն, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելուն ուղղված խաղաղ ցույցի անցկացումը»:

Ավելի վաղ ՆԳՆ-ը բավարարել էր Վրաստանի հայ համայնքի ապրիլի 6-ի դիմումը և թույլատրել երթը մետրոպոլիտենի «Իսանի» կայարանից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ:


XS
SM
MD
LG