Մատչելիության հղումներ

Վորոնեժի մարզում ԱԹՍ-ները հարվածել են երկու ձեռնարկությունների

Ուկրաինացի զինծառայողն անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ
Ուկրաինացի զինծառայողն անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Ռուսաստանի Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու ձեռնարկության, կան վիրավորներ, հայտնում է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Ձեռնարկություններից մեկը գտնվում է Նովոխոպերսկի թաղամասում։ Թե որ ձեռնարկության մասին է խոսքը, մարզի ղեկավարը չի մանրամասնել։

Astra տելեգրամյան ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, պնդում է, որ դա Կրասնոյե գյուղի "Этанол спирт" սպիրտի գործարանն է։ Գուսևի խոսքով՝ «անօդաչու թռչող սարքի ընկնելու» հետևանքով վնասվել են տնտեսական շինության տանիքը և տարան, սակայն հրդեհ չի բռնկվել։ Մի քանի ժամ առաջ նա գրել էր, որ երկու բնակելի շենք և մեկ կենցաղային շինություն է վնասվել, մեկ մարդ տուժել է։

Կրասնոյե գյուղում "Этанол спирт" գործարանն արդեն իսկ հոկտեմբերի 22-ին ենթարկվել էր ԱԹՍ-ների հարձակման։

Երկրորդ ձեռնարկությունը գտնվում է Աննինսկի շրջանում, որտեղ, ըստ Վորոնեժի նահանգապետի, երկու մարդ վիրավորվել է։ «Հրդեհը մարվել է գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Կրակից վնասվել են մի քանի շինություններ և տարբեր նշանակության կառույցներ, ինչպես նաև տեխնիկա։ Ձեռնարկության սահմաններից դուրս կրակը տարածվել է երկու ավտոտնակի և էլեկտրահաղորդման գծի հատվածի վրա», - հայտարարել է նա։

Տելեգրամ ալիքների տվյալներով՝ երկրորդ ձեռնարկությունն «Աննինսկի» սպիրտի գործարանն է։ Shot-ը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անմիջապես բռնկվել է հրդեհ, որը հաջողվել է մարել մի քանի ժամից։ Աննա ավանում գտնվում է նաև նավթային բազա, որը ևս հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից հոկտեմբերի սկզբին։

Սպիրտի գործարաններում, ըստ ռուսական իշխանությունների, վառելիք և պայթուցիկներ են արտադրվում բանակի կարիքները հոգալու համար։

Նահանգապետը հայտնել է, որ շրջանի վրայով 10 անօդաչու թռչող սարք են խոցել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է 21 անօդաչու թռչող սարք՝ 13-ը՝ Բելգորոդի, 6-ը՝ Բրյանսկի և մեկական անօդաչու թռչող սարք՝ Վորոնեժի և Կուրսկի շրջաններում։

XS
SM
MD
LG