Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը. ինչպե՞ս կարող է սա օգնել Կիևին

Վերջին շաբաթներին, մինչ Մոսկվան թիրախավորում էր Կիևը, Ուկրաինայի նախագահն օգնություն էր խնդրում դաշնակիցներից՝ արտադրելու այնպիսի զինատեսակներ, որոնք կկասեցնեն կամ կմեղմեն Ռուսաստանի ամենադաժան հարվածները։

Ուկրաինան բազմաթիվ զինատեսակների կարիք ունի՝ զսպելու Ռուսաստանի՝ 4րդ տարուց ավելին շարունակվող ներխուժումը, սակայն, ամենից շատ այնպիսի միջոցի, որը կխոցի Մոսկվայի ամենակործանարար զինատեսակները՝ բալիստիկ հրթիռները:

Մինչ վերջերս Վաշինգտոնի մատակարարած Patriot զենիթահրթիռային համակարգերը համարվում էին դրանք որսալու միակ հուսալի միջոցը։ Բայց, այդ համակարգի ուկրաինական պաշարները նվազում են, մինչ կրճատվում են նաև ԱՄՆ-ի պաշարները՝ մերձավորարևելյան հակամարտության պատճառով:

Այժմ Կիևը ցանկանում է ինքնուրույն արտադրել այդ համակարգերը: Իսկ ի՞նչն է խանգարում դա անել: Բանն այն է, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի թույլտվությունը: Հուլիսի 8-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վլադիմիր Զելենսկին ստացավ այն:

«Մենք նրանց իրավունք կտանք Patriot-ներ արտադրել: Այդ դեպքում չեք կարող բողոքել, թե ամերիկացիները բավարար քանակություն չեն մատակարարում: Ինքնուրույն արտադրեք», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Եթե նախագահ Թրամփը պահի խոստումն, ապա դա կլինի վճռորոշ քայլ Զելենսկու համար:

Ինչպես է աշխատում Patriot հակաօդային պաշտպանական համակարգը

Հրթիռի հեռահարությունը 40-ից մինչև 160 կմ է՝ մինչև 24 կմ բարձրությամբ, ռադարի ընդգրկումը՝ 100 կմ, մեկ համազարկով արձակում է 4 հրթիռ (վերջին տարբերակը՝ 16)
Հրթիռի հեռահարությունը 40-ից մինչև 160 կմ է՝ մինչև 24 կմ բարձրությամբ, ռադարի ընդգրկումը՝ 100 կմ, մեկ համազարկով արձակում է 4 հրթիռ (վերջին տարբերակը՝ 16)

Կիևը վերջին շրջանում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, որոնք ուղեկցվել են ռուսական անօդաչուների, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռների ալիքներով։ Հուլիսի 2-ի հարձակումը, որի հետևանքով ավելի քան 30 մարդ էր սպանվել, ամենաարյունալիներից էր 2022-ի փետրվարի՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Պատերազմի չորս տարիների ընթացքում Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զգալիորեն բարելավվել է: Ռազմաօդային ուժերը հմտացել են ռուսական անօդաչուների, ինչպես նաև թևավոր հրթիռների խոցման գործում։ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը սկսել է սեփական զենքը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներն արտադրել։

Ըստ Լոնդոնում տեղակայված Տեղեկատվական կայունության կենտրոնի՝ հունվարից Ուկրաինան որսացել է ռուսական մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի 90 %-ը, թևավոր հրթիռների՝ 80 %-ը: Ռուսական 522 բալիստիկ հրթիռների 70 %-ը, սակայն, այս տարի հասել է թիրախին:

Ռուսաստանի հիմնական բալիստիկ հրթիռը «Իսկանդեր-Մ»-ն է, որն ունի մոտ 500 կմ հեռահարություն և կարող է նշանակակետին հասնել րոպեների ընթացքում։

Ըստ Ռազմաօդային ուժերի՝ հուլիսի 6-ի հարձակման ժամանակ Կիևի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն խոցել «Իսկանդեր-Մ»-ի 23 հրթիռներից և ոչ մեկը։ Թիրախներին են հասել նաև «Ցիրկոն» վեց գերձայնային թևավոր հրթիռները՝ կրկին դրանք որսացող հրթիռների պակասի պատճառով։

«Բալիստիկ հրթիռները խոցելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ։ Մենք բավարար քանակությամբ համակարգեր ունենք, սակայն, անհրաժեշտ է հրթիռների կայուն մատակարարում», - հուլիսի 2-ի հարձակումից հետո հայտարարել էր Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի խոսնակ, գնդապետ Յուրի Իգնատը։

«Ռուսաստանն օգտագործում է այն հանգամանքը, որ Ուկրաինան, և առհասարակ ամբողջ աշխարհը, բախվում է Patriot հրթիռների լուրջ պակասուրդի: Այդ պատճառով նա գնալով ավելի շատ է կենտրոնանում բալիստիկ հրթիռներով հարվածների վրա», - ասել է նա։

Ռուսաստանը մեկ շաբաթում երեք անգամ հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքին, վերջինը՝ հուլիսի 6-ին
Ռուսաստանը մեկ շաբաթում երեք անգամ հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքին, վերջինը՝ հուլիսի 6-ին

Patriot-ի բարդ կառուցվածը

ԱՄՆ պաշտպանական ոլորտի հսկաներ Lockheed Martin-ի և Raytheon-ի արտադրած Patriot մարտկոցի համակարգը բաղկացած է որսացող հրթիռներից, արձակման կայանքից, ռադարից, բարձր հաճախականության ալեհավաքից, կառավարման կայանից և էլեկտրագեներատորից։

Ըստ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ համակարգի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,1 միլիարդ դոլար․ 400 միլիոն դոլար՝ արձակման կայանի և այլ բաղադրիչների համար, 690 միլիոն դոլարն էլ՝ հրթիռների։

Ենթադրվում է, որ Ուկրաինան, ընդհանուր առմամբ, ունի առնվազն յոթ Patriot համակարգ՝ երեքական ԱՄՆ-ից ու Գերմանիայից և առնվազն մեկը՝ եվրոպացի դաշնակիցներից:

Ուկրաինան ունի նաև ֆրանս-իտալական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգ։ Այն արդյունավետ է թևավոր հրթիռների և անօդաչուների դեմ, սակայն, պակաս հուսալի բալիստիկ հրթիռների դեպքում, որոնք ավելի մեծ բարձրության վրա և ավելի մեծ արագությամբ են թռչում։

Այն, ինչի պակասն Ուկրաինան հատկապես ունի, Patriot համակարգի մարտկոցից արձակվող հրթիռներն են՝ PAC-2-ը և ավելի նոր մոդելը՝ PAC-3-ը։

Ուկրաինացի պաշտոնյաներն արդեն մի քանի ամիս է՝ դիմում են ԱՄՆ վարչակազմին և եվրոպացի դաշնակիցներին` աջակցության ակնկալիքով։

«Ուկրաինացիները մեզ հայտնում են, որ կարող են մեկ տարուց պակաս ժամանակահատվածում մշակել PAC-2-ին համարժեք որսացող հրթիռ և արտադրել դրանք մեծ քանակությամբ», - «Ազատությանը» հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով՝ «Եթե նրանք կարողանան դա անել, մենք միայն կողջունենք»։

Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում Ուկրաինայի այս ծրագրերը։

«Ես չեմ կիսում այն կարծիքը, թե մենք Ուկրաինայում կարող ենք հիմնել PAC-3 հրթիռների լիցենզավորված արտադրություն», - ասել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության նախկին սպա Վալերի Ռոմանենկոն:

«Նախ՝ մեր բոլոր ձեռնարկությունները ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների թիրախում են, և մենք ներկայումս չենք կարող պաշտպանել դրանք: Երկրորդը՝ մենք կբախվենք նույն խնդիրներին, ինչ արտադրողը՝ բաղադրիչների պակասին», - նշել է նա:

«Թրամփը գուցե և հավանություն է տվել, սակայն, ծրագիրը դեռևս անիրագործելի է», - պնդել է ԱՄՆ վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող և ռազմական վերլուծությունների գծով տնօրեն Ջենիֆեր Կավանագը։

«Ուկրաինան դեռ պետք է ստեղծի [արտահանման] պահանջներին համապատասխանող արտադրական հզորություններ, հաղթահարի անհրաժեշտ բաղադրիչների պակասը և ամերիկյան իրավական խոչընդոտները: Եթե Ուկրաինան սկսի Patriot հրթիռներ արտադրել, դա կլինի փոքր քանակությամբ և ոչ շուտ, քան մեկ կամ մի քանի տարի անց», - հավելել է փորձագետը։

Կա նաև վտանգ, որ գաղտնի տեխնոլոգիաները կարող են հայտնվել հակառակորդի ձեռքում, նշել է ամերիկացի վերլուծաբանը:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության նախկին սպա Վալերի Ռոմանենկոյի պնդմամբ՝ Ուկրաինայի համար ավելի լավ կլիներ ձեռք բերել մեծ հեռահարության հրթիռներ՝ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները թիրախավորելու համար, օրինակ՝ ամերիկյան արտադրության Tomahawk հրթիռները:

Անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն տվեց Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելուն, սակայն, վերջնական որոշումը դեռ ձգձգվում է:

Ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներից մարդիկ պատսպարվել են Կիևի ստորգետնյա ավտոկայանատեղիում, հուլիսի 6, 2026թ.
Ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներից մարդիկ պատսպարվել են Կիևի ստորգետնյա ավտոկայանատեղիում, հուլիսի 6, 2026թ.

Ուկրաինական Fire Point ընկերությունը, որը հաջողություններ է գրանցել հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի և Flamingo թևավոր հրթիռի ստեղծման գործում, մշակում է հակաօդային պաշտպանության սեփական համակարգ՝ Patriot-ին պակասը լրացնելու կամ նույնիսկ փոխարինելու նպատակով։

Անցյալ ամիս ընկերությունը հայտարարեց Freya կոչվող համակարգի հաջող փորձարկման մասին։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները նախազգուշացնում են՝ դեռ ամիսներ կպահանջվեն, մինչև ընկերությունը կկարողանա շահագործման հանձնել մարտական պատրաստ վիճակում գտնվող համակարգի մարտկոցը։

XS
SM
MD
LG