Մատչելիության հղումներ

Վարորդները պնդում են՝ վրացական սահմանում հեղուկ գազ տեղափոխողներից կաշառք են պահանջում


Էկոնոմիկայի նախարարն իր վրացի գործընկերներից պարզե՞ց, թե ինչու են վրացիները հեղուկ գազով բեռնված հայկական մեքենաներից «կաշառք վերցնում իրենց սահմանը հատելու համար», հարցնում է «Ազատության»՝ ներկայանալ չցանկացող զրուցակիցը:

«Չկա Հայաստանում մի գազատար, որ մտնի Վրաստան և առանց կաշառք տալու կարողանա Վրաստանից գա Հայաստան, մեկը՝ ես», - ասաց նա:

Ռուսաստանից Վրաստանով հեղուկ գազ ներկրող վարորդներն ամառվանից այս խնդրի մասին են բարձրաձայնում, բայց պատասխան չկա. «Հարց չեն լուծել, այդ հարցը նույն ձևի մնացել է»:

Հեղուկ գազ ներկրողներն ասում են՝ վրացական սահմանը հատելու համար կաշառքների պահանջը որպես «մատուցվող ծառայություն» գովազդվում է հայկական բեռնափոխադրողների սոցիալական էջերում: Դրանք ֆեյք էջեր են, համոզված են վարորդները:

Այսպիսի բողոքներ մի խումբ օգտատերեր նաև նախարարի ֆեյբուքյան էջում էին գրել: Նախարար Պապոյանն էլ դեռ հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտե էր դիմել՝ ուղարկելով նաև այդ բողոքները: Կոմիտեից «Ազատությանն» ավելի վաղ ասել էին՝ օպերատիվ ստուգողական գործողություններ են սկսել՝ կաշառքի մասին այդ հայտարարությունները ստուգելու և պարզելու համար: Ամիսներ անց ի՞նչ պարզեցին իրավապահները՝ կոմիտեից ասացին՝ քրեական վարույթ չկա:

Պապոյանն էլ երեկ Radio Aurora-ի եթերում է խոսել այս թեմայից. «Ըստ էության, խնդիրն առաջացել է այս ամառվանից: Շատ էին ինձ գրում, թե Վրաստանում և Հայաստանում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, և դրանց հետ կապված որոշ անձանց անուններ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մասին էին խոսում, ինչ-որ պրոցեսների մեջ էին ներգրավված, բայց այդպես էլ չհայտնվեց որևէ ներմուծող, բեռնատար, քաղաքացի, որ կգնար և իմ հայտարարության հետևից գոնե հաղորդում կտար, և պրոցեսն այդտեղ ավարտվեց»:


«Ազատության»՝ հեղուկ գազ ներկրող զրուցակիցն ասում է՝ ինքն անպայման կբողոքեր, պարզապես մեքենան իրենը չէ, ինքը վարորդ է, իսկ գործատուն հորդորում է լռել, որ լրացուցիչ քաշքշուկների մեջ չընկնեն. «Ինչ-որ մի պրոբլեմ սարքեն Վրաստանի տարածքում, Հայաստանի տարածքում, խնդիրների մեջ ներքաշեն վարորդին, զրկեն վարորդականից...»:

Վարորդը կարծում է, որ եթե իրավապահներն այս ամենը բացահայտելու ցանկություն ունենային, վարորդների հետ նույն մեքենայով կարող էին գնալ ու գալ և ինքնուրույն տեսնել՝ ինչ է կատարվում վրացական սահմանը հատելիս:

«Ազատություն» ռ/կ ահազանգած վարորդներն ասում են՝ այդ կաշառքներն են պատճառը, որ Հայաստան ներկրված հեղուկ գազն ավելի թանկ է վաճառվում, որովհետև ներկրողը ստիպված է նաև կաշառք տալ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում հրապարակված հեղուկ գազի շուկայի վերջին տվյալներն այս հուլիս ամսվա են: Հանձնաժողովը հայտարարել էր՝ հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ ու առաջարկ-պահանջարկի գործոնով: Հանձնաժողովը Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներն էլ է որպես պատճառ նշել հայտարարությունում, բայց ուղիղ տեքստով չի պարզաբանել՝ հատկապես ինչ խնդիրներ նկատի ունեն:

Այլ մանրամասներ այս ուսումնասիրությամբ չկան, օրինակ՝ վերջին ամիսներին որքան է թանկացել հեղուկ գազը: «Ազատություն»-ը հենց այս ժամանակահատվածում պարզել էր՝ հունիսին հեղուկ գազի գինը 120 դրամ էր, 2 ամիս անց՝ 200, այսինքն՝ 60 տոկոսով թանկացել էր: Հիմա հեղուկ գազի գինը տատանվում է 180-190 դրամի սահմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG