Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարց ուղղվեց ՀՀ Պաշտպանության նախարարին կապված վարչապետի երեկվա հայտարարության հետ: Վարչապետը հայտարարել էր. «Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ», «Ազատության» հարցին, թե կա՞ն փաստական տվյալներ, ՊՆ-ն ունի՞ տեղեկատվություն այդ մասին, Սուրեն Պապիկյանը արձագանքեց. «Բայց հստակ չի՞, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարություններն այն մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ»:
«Ազատություն».- Ո՞վ է ասել, որ տարածքային պահանջ կա հարևան երկրից, ո՞ր հայտարարությունն եք Դուք այդպիսին համարում:
Սուրեն Պապիկյան.- «Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակում Ղարաբաղյան շարժումը...
«Ազատություն».- Բայց ընդդիմությունից ո՞վ է ասում, որ պետք է շարունակվի:
Սուրեն Պապիկյան.- «Գրեթ բոլորը»:
«Ազատություն».- Վարչապետի պնդումը պատերազմի մասին քաղաքական գնահատակա՞ն է, ոչ մի փաստ չկա:
Սուրեն Պապիկյան.- «Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի»:
ՆԳՆ նախարարը պատերազմի մասին Փաշինյանի կանխատեսումը «քաղաքական գնահատական» որակեց
Լրագրողները վարչապետի հայտարարության առնչությամբ հարց ուղղեցին նաև Ներքին գործերի նախարարին. ի՞նչ նկատի ուներ վարչապետը, ո՞վ է Հայաստանում ներքաղաքական դաշտում պատերազմ նախապատրաստում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որն, ըստ էության կա քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է նաև տալիս՝ որպես երկրի ղեկավար: Եվ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարրերի մասին հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ տվյալերն չկա՞ն, միայն քաղաքական հայտարարություննե՞ր են, նախարարը պատասխանեց. «Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական, և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն նաև իրավական գնահատական»: