Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետարանի հանձնաժողովը որոշել է՝ ընտանեկան բռնությունից բողոքող կնոջ երեխան պետք է բնակվի հոր մոտ

Կա՞ արդյոք մասնագիտական սխալ Վանաձորի քաղաքապետարանի երեխաների իրավունքներով զբաղվող հանձնաժողովի եզրակացության մեջ, հանձնաժողովը կցրվի՞, կամ արդյո՞ք դրա անդամներն ընտանիքում բռնության ենթարկվելու պնդումներին մատների արանքով են նայել:

Վանաձորի քաղաքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի օրինականությունը վիճարկվում է դատարանում։ Հայցվորն ընտանեկան բռնությունից բողոքող մի երիտասարդ կին է, որ փորձում է ապացուցել՝ հանձնաժողովի բացասական եզրակացությունն իր մասին անհիմն է, իսկ ինքը լավ մայր է։

«Առհասարակ, բռնությունը չունի արդարացում: Դա հստակ է, օրենքով է՝ բռնությունը չունի արդարացում: Իմ անձնական կաշվի վրա եմ զգացել, թե ոնց ես դու, օրինակ, բռնության ես ենթարկվել ու արդարանում ես դու: Այսինքն՝ մեր երկրում դեռ էդ բանը կա, որ դու պիտի արդարանաս մի բանի համար, որը որ պետք է հակառակը լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Հանձնաժողովը եզրակացրել է՝ 30-ամյա ամուսնալուծված մայրը չունի ծնողավարման հմտություններ, և 3-ամյա երեխան մոր մոտ անվտանգ ու ապահով չէ։ Կառույցը միաձայն որոշել է, որ մանկահասակ երեխան պետք է բնակվի հոր տանը, քանի որ այնտեղ «երեխայակենտրոն» միջավայր է, և առկա են զարգացման բոլոր պայմանները։

«Սոցիալական աշխատողները հայտնեցին, որ մայրը երեխայի նկատմամբ չունի կայուն վերաբերմունք. նա որպես պատասխանատու ծնող չի կարևորում երեխայի անվտանգությունը: Հաշվի առնելով, որ երեխային մշտապես խնամել և խնամում է տատը, երեխայի հայրական ընտանիքում երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան առողջ զարգացման համար առկա են բոլոր պայմանները, որ ընտանիքում երեխայի խնդիրների նկատմամբ ավելի զգայուն և երեխայակենտրոն են, երեխայի կյանքը և առողջությունը հայրական ընտանիքում վտանգված չեն, միաձայն քվեարկությամբ որոշվեց անչափահաս երեխայի բնակության վայրը սահմանել հոր մոտ», - ասված է որոշման մեջ:

«Եթե ինձ հետ խոսեին մասնագետներ, հոգեբաններ, հոգեվերլուծաբաններ, ովքեր փաստերով կներկայացնեին, որ ես ծնողավարում չգիտեմ, ես դեռ բավական հասուն չեմ մայր կոչվելու համար, ես կհասկանայի ու կասեի՝ լավ, էս մարդիկ կարող է մի բան ինձնից լավ գիտեն: Բայց ինձ հետ ոչ մի քննարկում չեն արել, ինձ երբևիցե ոչ ոք չի լսել, ու իրենք եզրակացություն են տալիս, որ երեխայի լավագույն շահը ինձ մոտ չէ: Եվ այստեղ խոսքը վերաբերում է երեք տարեկան երեխային, ես նման դեպք երբևէ լսած չեմ, որ երեք տարեկան երեխայի կացությունը մոր մոտ չսահմանեն», - ընդգծեց կինը:

Ինչո՞ւ է համայնքային կառույցը կնոջ համար նման ծանր որոշում կայացրել ու փոքրիկին մորից առանձնացնելու մասին եզրակացություն ուղարկել դատարան, որտեղ քննում են երեխայի հոր կամ մոր մոտ ապրելու հարցը: Հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով միայն. - «Եզրակացությունը մասնագիտական է, դատարանն ազատ է այն հիմք ընդունել կամ անտեսել»։

Կինը, մինչդեռ, պնդում է, որ հանձնաժողովն իր կյանքի կարևորագույն որոշումն աչքաչափով է կայացրել՝ բնակարանային 5-րոպեանոց այցի և 10 րոպե տևած նիստի հիման վրա. - «Ի դեպ, ասեմ՝ նիստը տևել է մոտ 7 րոպե, 7-10 րոպե ընդամենը, ու իրենց նյարդերի վրա նաև ազդում էր այն հանգամանքը, որ ես ու ամուսինս բավականին ադեկվատ իրար հետ շփվում էինք: Չգիտեմ, իրենց պատկերացումներով մենք մտնելու էինք էդտեղ «Կիսաբաց լուսամուտներ» անեինք, իրար տայինք սպանեինք։ Էդ ամեն ինչը չեղավ, իրենք դրանից շատ նեղվեցին, նաև արտահայտվեցին, որ «ինչի՞ եք ձեզ էսպես պահում, նստել եք ծիծաղում եք, որ ի՞նչ, մենք էստեղ լուրջ հարց ենք քննարկում, դուք երկուսդ էլ անլուրջ եք»:

Վեց հանձնաժողովականների և երկու հրավիրված սոցիալական աշխատողների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արձանագրության մեջ կնոջ նկատմամբ բռնությունը հիշատակված է ընդամենը մեկ նախադասությամբ. - «Երեխայի մայրը հեռացել է ամուսնու ընտանիքից՝ պատճառաբանելով, որ բռնության է ենթարկվել»:

«Էդտեղ ամենաառաջին հարցերից մեկը ինձ եղել է հետևյալը՝ «կոնկրետ ո՞ր հատվածիդ է խփել»: Իրենց մտածելակերպը, բնականաբար, որ եթե ամեն օր դու ռեժիմով ինչ-որ ծեծ չես կերել, կապիտ ասած, ուրեմն դու բռնության չես ենթարկվել», - նշեց կինը:

Ընտանեկան բռնությունից բողոքող կինը պնդում է՝ հանձնաժողովը ոչ թե աջակցել է իրեն, այլ մեղադրել երեխային հոր մոտ թողնելու և բռնությունից հետո տնից մի քանի օրով հեռանալու համար։ Սկեսրոջ խոսքերը մեջբերելով նշել են, թե երեխային տանը մենակ է թողել:

«Այսինքն, բռնության հետ կապված որևիցե մի նախադասություն երբ իմ բերանից դուրս էր գալիս, իրենք միանգամից շրջանցում էին թեման ու անցնում նրան, որ ամեն դեպքում ես իրավունք չունեի իմ երեխային թողնելու: Ես իմ երեխուն չեմ թողել դրսում, ես իմ երեխուն չեմ թողել ինչ-որ վատ վիճակներում, ես իմ երեխային թողել եմ իր հոր ու տատիկի մոտ, տանը, ընդամենը, ու ես եղել եմ շատ վատ վիճակում, որտեղ ես իմ հաջորդ քայլի մասին չգիտեի: Այսինքն՝ երբ որ դու հոգեբանական վատ վիճակում ես, քո էդ վատ վիճակում մի հատ էլ դու երեխուդ վերցնես, այսինքն՝ էդտեղ դուրս կգար, որ ես ավելի շատ, ես այդ դեպքում իմ երեխու մասին չէի մտածի: Իսկ իմ երեխայի հայրը երբևիցե վտանգ չի հանդիսացել իմ երեխայի համար», - ասաց կինը՝ շարունակելով. - «Ես հետ եմ եկել իմ ամուսնու տուն, այսինքն՝ եթե ես ինչ-որ շատ վատ բան լինեի արած, ինձ այդտեղ չէին ընդունի»:

Փաստաբան Մերի Կարապետյանը մեկ այլ փաստ է բարձրաձայնում. հանձնաժողովը բացասական եզրակացության հիմքում դրել է նաև այն, որ կինը ծնողներ չունի:

«Եվ իմ կարծիքով՝ սա թե՛ խտրական մոտեցում է և թե՛ թիրախավորում է ոչ լիարժեք ընտանիքում մեծացած անձանց, այդ թվում նաև հաստատություններում գտնվող անձանց։ Դրանից հետո կասկածներ առաջացան ինչպես հանձնաժողովի ձևավորման իրավաչափության, այնպես էլ վերջիններիս մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ այս կառույցների ձևավորման համար չկան հստակ չափորոշիչներ, ինչը վտանգավոր է. - «Կարծում ենք՝ օրենսդրական բաց է, բայցևայնպես, համայնքը ինքը զրկված չի եղել ներքին իրավական ակտերով՝ սահմանելով որոշակի պայմաններ և չափորոշիչներ այդ հանձնաժողովների ձևավորման համար, որովհետև ի վերջո կարևորագույն գործառույթ են իրականացնում և նույնիսկ իրենց որոշումների հիման վրա կարող են սահմանափակվել, կամ զրկվել անձինք, օրինակ, ծնողական իրավունքներից»:

Մինչ Վարչական դատարանը քննում է հանձնաժողովի գործունեության իրավաչափությունը, երիտասարդ կինը փորձում է գտնել հարցերի պատասխանը՝ ինչո՞ւ սպասված աջակցությունը չգտավ պետական ու համայնքային կառույցներում: Նա արդեն հասցրել է հիասթափվել իրավապահներից, որոնց դիմել էր ընտանեկան բռնության մասին բողոքով. - «Օգնությունը էնքան են երկարացնում, էնքան են ձգձգում, այնքան հարցեր են տալիս, որ ավտոմատ կերպով նաև ազդում են քո հոգեբանության վրա՝ առանց էն էլ խեղաթյուրված հոգեբանության վրա, իրենց հարցերի, իրենց անիմաստ հարցերի ... Մի խոսքով՝ երբ որ չես ստանում ոչ մի տեսակի օգնություն, հոգնում ես ու ինչ-որ մի ժամանակ ուղղակի դադարում ես պայքարելուց»։

Փաստաբանը պնդում է՝ բողոքը վարույթ ընդունելուց հետո պետք է օրենքի ուժով կասեցվեր դատարանում հայտնված Վանաձորի խնամակալության հանձնաժողովի աշխատանքը մինչև դատավարության ավարտը: Մինչդեռ հանձնաժողովն առարկել է ու շարունակում է որոշումներ կայացնել:

Այս պատմության մանրամասներն ու բռնությունից կնոջ բողոքները նաև խորհրդարան ու Մարդու իրավունքների պաշտպանին են հասել:


XS
SM
MD
LG