Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գերատեսչության փոխանցմամբ՝ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Գերատեսչությունից չեն մանրամասնում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

«Մենք այս այցի ուղղությամբ բավականին աշխատել ենք, ես ինքս սպասում եմ մեր հյուրին վաղը: Մենք ունենք մի քանի փաստաթղթեր ստորագրելու, բոլորն էլ շատ կարևոր են», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ևս չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Միրզոյանը հայտնեց, որ հանդիպումից հետո նախատեսված է շփում մամուլի հետ:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP-ի շինարարական աշխատանքները:

«Առաջիկայում մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրելու ենք TRIPP նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք էդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»,- ասել էր Փաշինյանը:

Հայաստանի անկախացումից հետո, առաջին ամերիկացի պետքարտուղարը, որ այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերն է եղել. այցը տեղի է ունցել 1992 թվականի փետրվարի 12-ին:



Հաջորդ պետքարտուղարը, որ Հայաստան է այցելել, Հիլարի Քլինթոնն է: Նա այցելել է երկու անգամ՝ 2010-ին և 2012-ին:



XS
SM
MD
LG