Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում քննարկվել է ԵԱՀԿ երկրներում կոռուպցիայի թեման


Սենատոր Բենջամին Քարդին
Սենատոր Բենջամին Քարդին

Անցած չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, Կապիտոլիումի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ Հելսինկյան հանձնախմբի նիստը` նվիրված ԵԱՀԿ-ի տարածաշրջանում պետական համակարգերում չարաշահումների դեմ պայքարին:

ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում, որը հայտնի է նաև որպես ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով, անցած չորեքշաբթի օրը տեղի ունեցան «Մարտնչելով չարաշահումների դեմ ԵԱՀԿ-ի տարածաշրջանում. անվտանգության և լավ կառավարման միջև կապը» խորագրով լսումներ:

Հանձնաժողովի նախագահ, սենատոր Բենջամին Քարդինը իր ելույթում կարևորեց չարաշահումների դեմ պայքարը ԵԱՀԿ-ի տարածաշրջանում՝ իբրև ժողովրդավարություն հաստատելու չափազանց կարևոր գործիք և ամենանշանակալի խնդիրը, որին առերեսվում է ժամանակակից աշխարհը:

Ըստ նրա, ժողովրդավարական հասարակությունները գործում են՝ հիմնվելով միմյանց և ժողովրդավարության հիմք հանդիսացող հաստատությունների նկատմամբ հավատի ու վստահության վրա: Չարաշահումները խարխլում են այդ հավատն ու վստահությունը ու դրանով քանդում ժողովրդավարության ամենահիմնարար հենասյուները: Ըստ հետազոտությունների՝ ուղղակի կապ գոյություն ունի պետության ձախողման ու չարաշահումների առկայության միջև:

Սենատոր Քարդինը նաև նշեց, թե դա ամենևին չի նշանակում, որ ժողովրդավարական հասարակություններում չարաշահումները իսպառ բացակայում են, սակայն ուժեղ անկախ արդարադատական ու լրատվական հաստատությունների առկայությունը չարաշահումները սանձելու լավագույն միջոցն է:

Լայնածավալ չարաշահումները պետական կառավարման ոլորտում սանձազերծեցին հեղափոխությունների ալիք, որը հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի ու պետական շինարարության ձախողման Թունիսում, Ուկրաինայում, Սիրիայում և այլուր:

ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բազմաթիվ պետական ծառայողների նկատմամբ ԱՄՆ-ը կիրառում է պատժամիջոցներ, ձգտելով սահմանափակել չարաշահումների՝ իբրև հաստատութենական (ինստիտուցիոնալ) երևույթ արմատավորումը այդ երկրներում:

Ռուսաստանի, Հունգարիայի և այլ երկրների բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներում ԱՄՆ-ը հաշվի է առել նաև նման կարգի չարաշահումներում և դրանք համակարգի վերածելու ջանքերում նրանց ներգրավվածությունը: Հատկապես նրանց, ովքեր կոռուպցիոն գործունեություն են ծավալել ինչպես իրենց երկրում, այնպես էլ այլ երկրներում՝ մասնավորապես դրանց վերնախավը վերահսկելու մտադրությամբ:

Օրինակ՝ հունգարացի վեց պաշտոնյաների արգելվել է մտնել ԱՄՆ՝ կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավվածության պատճառով: Իսկ Ռուսաստանի վերնախավի քաղաքականությունը այդ առումով, հատկապես փորձերը՝ ներգրավելու հարևան երկրների ընտրանիները չարաշահումային ֆինանսական ոչ պաշտոնական կառույցներում և կառուցվածքներում, կասկածի տեղիք են տալիս, որ չարաշահումները վերածվել են արտաքին և ներքին քաղաքականության գործիքի՝ վերահսկելու համար ինչպես ներքին, այնպես էլ հարակից երկրների վերնախավերը:

Չարաշահումների հաստատութենականացումը՝ իբրև կառավարման գործիք, կարևորվում է բազմաթիվ վերնախավերի կողմից: Պատահական չէ, որ մի շարք երկրների կառավարություններ ձգտում են կանխարգելել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասարակական ելույթները այդ առումով՝ ինչպես իրենց երկրներում, այնպես էլ՝ արտասահմանում: Այդպիսի մի օրինակ է ԱՄՆ-ի Հելսինկյան խմբի կողմից ելույթի հրավիրված «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ ելքի արգելքի կիրառումը Ադրբեջանի կառավարության կողմից:

Այս և նմանատիպ բազմաթիվ այլ օրինակներ գտնվում են ԱՄՆ-ի քաղաքականության ուշադրության կենտրոնում՝ աշխարհի բոլոր ծագերում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG