Ուկրաինական անօդաչուները Սմոլենսկում քիմիական գործարանի են հարվածել

Ուկրաինացի զինվորներն անօդաչուն պատրաստում են թռիչքի, արխիվ
Ուկրաինացի զինվորներն անօդաչուն պատրաստում են թռիչքի, արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Սմոլենսկի մարզի Դորոգոբուժի քիմիական գործարանի վրա, հաղորդում են ուկրաինական տելեգրամյան մոնիթորինգային ալիքները և ռուսական Astra-ն:

Սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերի համաձայն՝ գործարանում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ: Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակման թիրախը, ենթադրաբար, ամոնիակի արտադրության օբյեկտն է եղել։ Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը։

Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ տարածաշրջանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է 32 անօդաչու թռչող սարք։ Նա ասել է, որ հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, էներգետիկ օբյեկտ և մասնավոր տուն։ Նահանգապետը չի մանրամասնել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։ Տեղական իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին չեն հայտնել։

Դորոգոբուժի գործարանը, որն Acron Group-ի մաս է կազմում, Ռուսաստանում հանքային պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից է։ Այս գործարանին բաժին է ընկնում Ռուսաստանում ամոնիումի նիտրատի ընդհանուր արտադրության մոտ 11%-ը, որը կարող է օգտագործվել պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։

Ուկրաինական զինուժն անօդաչու թռչող սարքերով այս գործարանի վրա նախորդ անգամ հարձակվել էր 2026 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ զոհվել էր յոթ մարդ, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական 310 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում:

Նախարարությունը հավելել է, որ հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին և Ուկրաինայի ռազմական նպատակներով օգտագործվող նավերին։

​
XS
SM
MD
LG