Ռուսական զինուժը գիշերվանից հրթիռներով հարվածներ է հասցնում Ուկրաինայի մայրաքաղաքին՝ թիրախավորելով հիմնականում կամուրջներն ու էներգետիկ ենթակառուցվածքները:
Տելեգրամյան մոնիթորինգային ալիքները հաղորդում են, որ ռուսական կողմը նաև օդ է բարձրացրել մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք թևավոր հրթիռներ են կրում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական հրթիռները հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտի: «Հրդեհ է բռնկվել Գոլոսեևսկի շրջանի ենթակառուցվածքային օբյեկտում։ Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել տարածքում գտնվող գրասենյակային շենքում։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ»,- ասվում է Կլիչկոյի Telegram ալիքում տեղադրված կարճ գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ քաղաքապետը հավելել է, որ «հարված է եղել կամուրջներից մեկի մոտ գտնվող բաց տարածքում»։
Ռուսական հարվածների հետևանքով առնվազն երկու վայրում հրդեհ է բռնկվել:
Կիևի քաղաքապետը հայտնել է, որ մայրաքաղաքի Օբոլոնսկի շրջանի եռահարկ շենքում հրդեհ է բռնկվել, որը առաջացել է հրթիռային հարվածից։ Ռազմական վարչությունն իր հերթին հայտնում է, որը քաղաքի կենտրոնում գտնվող Պոդոլսկի շրջանում գտնվող շենքի է հրդեհվել։
Բացի դրանից՝ ռուսական խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են Տարաս Շևչենկոյի պողոտայում գտնվող պատմական Սուրբ Վլադիմիրի տաճարը և Պոդիլի շրջանում գտնվող Ավստրիայի, Բրազիլիայի և Նիդեռլանդների դեսպանատները, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և Կիևի փրկարարական ծառայությունը հայտնել են, որ դիվանագետներն ու դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։
Հոկտեմբերի սկզբին Մոսկվան արդեն սպառնացել էր Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին՝ կոչ անելով նրանց լքել երկիրը։ Մինչ այդ էլ ռուսական ավիահարվածներից վնասել էին Կիևում Լիտվայի, Կատարի, Վատիկանի, Լեհաստանի և Ադրբեջանի դեսպանատները։
Կիևի քաղաքապետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասում առնվազն չորս վայրում խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, վիրավորվել է ևս հինգը:
Շարունակվում է ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի արձակումը: Ռազմաօդային ուժերը հաղորդում են նման անօդաչու սարքեր են արձակվել Զապորոժիեի, Կիրովոգրադի, Վիննիցայի, Ժիտոմիրի և Լվովի մարզերում։