Երևանի քաղաքապետարանի ծեծկռտուքից մեկ օր անց մեղադրյալներ ու պաշտոնանկություններ չկան: Կա միայն քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամին, որի դեմքի կապտուկները դեռ թարմ են, առայժմ տուժող չեն ճանաչել, ոչ էլ հարցաքննության կանչել։
Ինքը՝ Սարգիս Տեր-Եսայանը, անաչառ քննության ակնկալիք չունի. «Կասկածում եմ, քանի որ քաղաքականացված են թե՛ Քննչականը, թե՛ դատախազությունը»:
Թեև համացանցը երեկվանից ողողված է տեսանյութերով, որտեղ հստակ երևում են ծեծկռտուքի ակտիվ մասնակիցները, քրեական գործը հարուցվել է միայն այն բանից հետո, երբ քաղաքապետարանում ծեծված Սարգիս Տեր-Եսայանը ցավեր է զգացել ու դիմել հիվանդանոց: Հենց այնտեղ էլ բժիշկները, ըստ կարգի, տեղեկացրել են ոստիկանությանը. «Ոստիկանները եկան, ես էլ ինչ եղել է, ասացի»:
Սարգիս Տեր-Եսայանի խոսքով՝ ինքը միայն հասցրել է հասկանալ, որ իր վրա խմբով են հարձակվել։ Ասում է՝ իրեն նախապես ավագանու նիստերի դահլիճից քաշքշելով հանել են միջանցք, որպեսզի տեսախցիկները չնկարեն, ու հենց այնտեղ էլ հարվածներ հասցրել թե՛ իրեն, թե՛ գործընկերներին։ Ավագանու անդամը պնդում է, որ իրենց ծեծելու հարցում ակտիվ են եղել հատկապես քաղաքապետարանի վարչության պետերն ու հասարակական կարգի պահպանության աշխատակիցները։
«Հուսով էի, որ այսօր առավոտյան պետք է հրաժարական տված լինեին, քանի որ տեսանյութերի մեջ տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն էին հարվածում ընդդիմադիրներիս», - ասաց Տեր-Եսայանը:
Միջանցքի տեսանյութերում, որոնք լրատվամիջոցներն էին նկարել, երևում է մի խումբ անձանցով շրջապատված Տեր-Եսայանը, որից շատ չանցած էլ նրա դեմքն արդեն կապտուկներով է։ Մի քանի մետր այն կողմ հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, հենց քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ, հարվածում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին։ Այդ ընթացքում սպորտի և երիտասարդության վարչության պետ Արսեն Մակվենցյանն էլ, հավանաբար, Տեր-Եսայանին շփոթելով քաղաքապետարանի մեկ այլ աշխատակցի հետ, նրան գետնին է տապալում։
Քաղաքապետարանում տեղի ունեցածի համար նիստից հետո փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց, բայց վարչության պետերի արարքը չդատապարտեց։ Փոխարենը Փամբուխչյանը պնդեց, որ միջադեպը սադրել է ընդդիմությունը։
Սա խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ու ընդդիմության առաջին հանդիպումն էր։ Իրավիճակը լարվեց, երբ քաղաքային խնդիրներից խոսող ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանի ելույթից հետո ՔՊ-ականները սկսեցին քաղաքական հայտարարություններ անել՝ պնդելով, թե կես միլիոնից ավելի քվե ստացած երեք ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են ընտրվել։ Նիստը վարող Արմեն Փամբուխչյանն իր հերթին էլ ավելի բորբոքեց վեճը:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գնահատմամբ՝ իշխանությունը ընդդիմությանը ճնշելու քաղաքական որոշում ունի։ Ընդդիմադիրները կարծում են, որ նույն սցենարը կրկնվելու է նաև ավագանու հաջորդ նիստերին։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը միջադեպից հետո պնդում էր, թե քաղաքային ընդդիմությունը լեգիտիմ չէ, հետևաբար իրավունք չունի նիստերին խոսել կամ ռեպլիկներ անել։ Իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի արձագանքը ծեծկռտուքից հետո սպառնալիքներն էին. «Կաշիներդ քերթվելու է, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»:
Այսպիսի միջադեպեր գործող ավագանիում նախկինում էլ են եղել, բայց մասնակիցներից որևէ մեկը ստիպված չէր եղել վնասվածքների պատճառով բժշկի դիմել: