Թունավոր սնդիկով ջրի առեղծվածը չի հանգուցալուծվում:
Մեկ ամիս է, ինչ Սյունիքի Ծավ գյուղի ջրում սնդիկ է հայտնաբերվել: Առողջապահության նախարարությունը հորդորեց ջուր չխմել, ավելին՝ կենցաղային կարիքների համար էլ չօգտագործել: Այս զգուշացումը մինչև այժմ էլ ուժի մեջ է, և այն շրջանցում է գյուղի մեծամասնությունը: «Զգուշացնողները թող չխմեն, մենք խմում ենք», - ասում է Ծավի բնակիչներից Սեյրան Զաքարյանը:
«Առավոտյան ծորակը բացում եմ, մի քիչ գնում է, հետո վերցնում եմ խմում, դեղս խմում եմ էդ ջրով: Մենք չենք հավատում, կամ էդ լաբորատորիաներն է սխալ, կամ, չգիտեմ, էլի, ինչ թյուրիմացություն է դա, կամ էլ եթե կար՝ մի հատ սնդիկի հատիկ կար ինչ-որ տեղ ընկած, եկել է ընկել էդ մարդու բաժակը», - «Ազատությանը» ասաց Զաքարյանը՝ շարունակելով. - «Մեր ջրի մեջ ի՞նչ սնդիկ, ո՞վ է մինչև հիմա տեսել: Ոչ մեկը ոչ հիվանդացել է, ոչ եսիմ ինչ է եղել»:
«Բոլորս խմում ենք, ճաշ եփում, լողանում, կորուստներ չկան». - սնդիկից թունավորվելու տագնապ չունի Ծավի բնակիչը:
«Եթե իրոք տենց լիներ, հիմա գյուղում կենդանի մարդ չպիտի մնար», - իր հերթին, ընդգծեց գյուղի մեկ այլ բնակիչ՝ Արսեն Աղաջանյանը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը գյուղում չորս կետից նմուշառում էր արել ու բոլորում սնդիկ գտել:
«Այդ ջուրն ինչպե՞ս եք խմում», - այս հարցին Ահաջանյանը ծիծաղով արձագանքեց. - «Խմում ենք, լողանում ենք, լվացվում ենք: Հա, սովորականի նման»:
Մի ամբողջ գյուղ՝ մոտ 300 բնակիչ, չի հավատում համաճարակաբաններին ու նրանց լաբորատորիաներին, ու, ըստ Արսեն Աղաջանյանի, չեն հավատացել առաջին օրից:
Գյուղում ապշած են պետական օղակների աշխատանքից. անընդհատ գալիս, վերջինը՝ մի քանի օր առաջ, ջրեր են տանում հետազոտության, բայց պատասխաններ չկան: Քրեական գործ էլ կա՝ Քրեական օրենսգրքի՝ ջրերն աղտոտելու հոդվածով, և միայն այսքանը: «Ծարավ կկոտորվենք, եթե սպասենք պատասխաններին», - ասում են Ծավում:
Եվ քանի դեռ պատասխան չկա, ջուրը խմելու ու օգտագործելու արգելքը գործում է, գիտի Ծավի վարչական ղեկավարը: Արմեն Ալեքսանյանը գիտի նաև, որ բոլորը շրջանցում են համաճարակաբանների հորդորը, ինքն էլ վերահսկման մեխանիզմ չունի, ավելին՝ ինքն էլ է խմում. - «Սաղ գյուղը խմել է, խմելու է ու խմում է»:
Բայց Ծավում կա բնակիչ, որ արդեն մեկ ամիս է բաժակը ծորակին չի մոտեցնում՝ Հովիկ Անդրանիկյանն է: Նա գյուղում ջրի մեջ սնդիկ տեսած առաջին ու միակ մարդն է:
«Մինչև աֆիցիալ չասեն, չեմ օգտագործելու: Օգտագործելը սենց է, էլի, ասենք՝ ձեռ լվանալ, լոգանք դե պիտի անես, ուրիշ տարբերակ չկա, բայց խմելու-բանի համար՝ չէ, ճաշի, խմելու՝ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրանիկյանը:
Սեպտեմբերի 1-ին գիշերը ջուր խմելիս բերանում տարօրինակ բան է զգացել, կարծել է՝ ճանճ է, ջուրը բռնի մեջ է լցրել ու տեսել՝ սնդիկի մասնիկները միավորվել ու բրնձի հատիկի չափ են դարձել: Անդրանիկյանն իր աչքի տեսածին է հավատում և իր տեսածը հաստատած համաճարակաբաններին:
Ի դեպ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնից, Առողջապահական տեսչական մարմնից չեն պատասխանում՝ վերջին օրերին ջուրը հետազոտվե՞լ է, թե՞ ոչ, սնդիկ կա՞, թե՞ ոչ: Շաբաթներ առաջ պետական կառույցներից Ծավի բնակիչներին հրահանգել են ջուր չխմել ու վերջ, ոչ մի հավելյալ պարզաբանում:
Ծավում ասում են՝ համաճարակաբաններին ու նրանց լաբորատորիաներին ավելի քիչ են վստահում, քան իրենց սարերին և սարերի ջրերին, որոնք, հայտարարեց Սեյրան Զաքարյանը, «պարզ, մաքուր, զուլալ են մեզ նման»: