Վեցերորդ օրն է՝ Ծավ գյուղի խմելու ջրում հայտնված սնդիկի հանելուկը չի հանգուցալուծվում: Համաճարակաբաններին միացել են քննիչները. քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի՝ ջրերն աղտոտելու հոդվածով:
«Գյուղի բնակիչներին անվճար ջրով ապահովում ենք», - «Ազատությանը» վստահեցրեց Ծավ համայնքի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հորդորել են ջուրը ոչ միայն չխմել, այլև չօգտագործել կենցաղային կարիքների համար. մի քանի ջրաղբյուրներից վերցված նմուշներում՝ բոլորում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցում է:
Անցած շաբաթ էր Ծավի բնակիչներից մեկը գիշերը ջուր խմել ու բերանում զգացել ծանր վտանգավոր մետաղը, հետո լաբորատոր հետազոտությունները երկու անգամ հաստատեցին՝ սնդիկ է: Տարածքում գործող հանքեր չկան, գյուղը սահմանամերձ է, բայց բնակիչներն իրենք երեկ «Ազատությանը» պատմել էին, որ ադրբեջանական հետքը բացառում են, քանի որ Բասուտայի ջրերն ի վերջո հենց Ադրբեջան են հասնում:
Երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ միայն ենթադրություն ունի. ընդերքում է սնդիկը միացել ու թունավորել ծավի ջուրը:
Գյուղը խմելու ջուր ստանում է մի քանի ջրաղբյուրներից ու գետից, չի մաքրվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցը լուծելու խոստում երկու տարի առաջ էր տվել: Թե ինչու չի լուծվել, չգիտի վարչական ղեկավարը:
Անթույլատրելի ծավալով վտանգավոր սնդիկ խմելու ջրում չեն հիշում ոչ Ծավի բնակիչները, ոչ համաճարակաբանները, ոչ էլ թունաբան բժիշկները: «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Գայանե Ռշտունի, որ 45 տարվա թունաբան է, միայն մի քանի դեպքով է առնչվել այս վտանգավոր մետաղին, երբ մարդիկ ինքնավնասման նպատակով ջերմաչափը կոտրել ու սնդիկը կուլ են տվել:
Ծավում թունավորման ախտանշաններով բնակիչներ չկան:
«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.